երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բացահայտ սուտ է, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը. Սեյրան Օհանյան

Բացահայտ սուտ է, թե սահմանազատումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը. Սեյրան Օհանյան

Կարծում եմ՝ բացահայտ սուտ են այն խոսակցությունները, թե սահմանազատումը և սահմանագծումը Տավուշից սկսելն առաջարկել է Գլխավոր շտաբը:  Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, նախկին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Սահմանազատումը և սահմանագծումն իրականացնում է պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, և իրենք պետք է հասկանան այն, որ Տավուշում մեր պաշտպանությունը բավականին բարձր մակարդակի է։ Այդ 4 գյուղերը, որոնց մասին խոսվում է, հայկական են, գտնվում են մեր տիրապետության տակ, միևնույն ժամանակ՝ այդ հատվածում բավականին տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։

Խոսել այն մասին, որ դրանք ադրբեջանական բնակավայրեր են, նշանակում է, որ մեր իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում, գնում են միակողմանի զիջումների»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը, քանի որ դա միակողմանի պահանջ է։

 «ՀՀ Զինված Ուժերն իրենց առջև դրված խնդիրը՝ մեր երկրի պաշտպանության գործում պետք է արժանապատիվ իրականացնեն, իսկ մենք՝ քաղաքական գործինչները, հասարակական ողջ սպեկտրը, մեր ամբողջ բնակչությունը պետք է դիմադրությամբ ընդվզի և թույլ չտա, որ ապօրինի հրամաններ տան  բանակի ղեկավարությունը: Օրենքի շրջանակում այդպիսի հրամանները պետք է լինեն գրավոր, որպեսզի չստացվի ինչպես Սյունիքում՝ Սյունիքի դիմացի հատվածներից բանավոր հրամանով շուրջ 20 կմ հետ են քաշվել և խնդիրներ ստեղծել այսօրվա հենց սահմանազատման և սահմանագծման համար»,- նշեց նա:

  • Կիսվել: