երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Միրզոյանը Կալասի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը՝ անմիջապես սկսելու Ադրբեջանի հետ խորհրդակցությունները

Միրզոյանը Կալասի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը՝ անմիջապես սկսելու Ադրբեջանի հետ խորհրդակցությունները

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում ԵՄ-ի ներգրավմամբ իրականացվող նախաձեռնությունները: Այս համատեքստում ընդգծել ենք «գլոբալ դարպաս» ռազմավարության և Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համադրելիությունը, կասեի ավելին՝ փոխլրացնելու ներուժը: Այստեղ կարող ենք հավելել նաև «միջին միջանցքի» գաղափարը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այս համատեքստում ընդգծելով Հարավային Կովկասի՝ որպես Եվրպայի և Կենտրոնական ու Արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը:

«Այս այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, զարգացումներ, որոնք մեկ անգամ ևս ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին առկա մարտահրավերները:

Այս համատեքստում անդրադարձ ենք կատարել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին: Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի կապակցությամբ ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում վերջին զարգացումները, նաև կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ անմիջապես սկսելու Ադրբեջանի հետ խորհրդակցությունները՝ որոշելու պայմանագրի ստորագրման տեղը և ժամանակը և, ընդհանրապես՝ քննարկելու կարգավորման ամբողջ սպեկտրին վերաբերող հարցերը:

Մենք, ինչպես նախկինում, այսօր ևս շատ կառուցողական ենք տրամադրված»,- ասաց նա:

  • Կիսվել: