շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միրզոյանը Եգիպտոսի իր պաշտոնակցի հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին

Միրզոյանը Եգիպտոսի իր պաշտոնակցի հետ զրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին

Մարտի 5-ին Կահիրեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում:

Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և քաղաքական երկխոսության ընդլայնման հեռանկարների շուրջ: Զրուցակիցները կարևորել են պարբերական բարձրաստիճան փոխայցելությունների դերը հայ-եգիպտական փոխգործակցության շրջանակի ընդլայնման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա զարգացման գործում։

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները:

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա:

Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը։

 

  • Կիսվել: