ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպանը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում

Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպանը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը և դեսպան Սանկտոսն ընդգծել են հայ-բրազիլական քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման ու բարձր մակարդակներում փոխայցելությունների իրականացման միջոցով:

«Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման ուղղությամբ՝ առանձնահատուկ ընդգծելով բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների, տիեզերքի, մարդկային շփումների, գյուղատնտեսության ոլորտները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱԳ նախարար Միրզոյանն ու Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոսա Սանկտոսը բարձր են գնահատել Բրազիլիայում հայ համայնքի կամրջող դերը երկու երկրների հարաբերություններում:

«Կողմերը գոհունակություն են հայտնել նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ փոխգործակցության կապակցությամբ: Քննարկվել են Եվրասիական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության հեռանկարները»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում անդրադառնալով ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

 

  • Կիսվել: