Մինչև նախաձեռնողը չմոտենա մեզ իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի. Կյուրեղյանը՝ իմպիչմենտի մասին
Երբ որ նախաձեռող խումբը կգա, կմոտենա մեզ, պակասող՝ մեր 28 ստորագրությունը կտանք։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Լրագրողի ճշտող հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավորի ստորագրությանը կմիանա՞ք, նա ասաց. «Ուրեմն ամեն մեկս ինչպես ենք ընկալում... Միաժեքորեն գրված է 28 պակասող ստորագրությունը կտրվի»։
Լրագրողի դիտարկմանը, այսինքն մինչև պակասող 8 ստորագրությունը չլինի, «Հայաստան» խմբակցությունը չի՞ միանա անվստահության գործընթացին, Ա.Կյուրեղյանն ասաց. «Մինչև նախաձեռնողը չմոտենա մեզ իր փաստաթղթով, ընդհանրապես ստորագրություն չի լինի»։
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը, հաշվի առնելով ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը, կայացած նիստում միաձայն որոշել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ ներկայացնել՝ որպես թեկնածու առաջադրելով Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին։
Ինչ վերաբերում է առաջադրված թեկնածուին, «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց. «Նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» խմբակցությանն է, իրենք քաղաքական պատասխանատվություն են կրում այդ գործընթացը սկսելու, այդ թեկնածուին առաջ քաշելու։
Մենք՝ որպես իրար հետ համագործակցող ընդդիմադիր ուժեր, պետք է ամեն ինչ միասին անենք, որպեսզի հնարավորության դեպքում օր առաջ ազատվենք այս ազգադավ, պետականաքանդ իշխանություններից, առավել ևս վարչապետից։ Այնպես որ, պատասխանատվությունը նախաձեռնող կողմինն է՝ «Պատիվ ունեմ»-ինը, մենք խոստացել ենք՝ իրենց կաջակցենք այդ գործընթացն առաջ տանելու համար, քանի որ մեկ ընդհանուր նպատակի է ծառայում՝ ազատել երկիրն այս ազգադավ պետականաքանդ վարչապետի ու իր թիմից»։