ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մի շարք չլուծված խնդիրների շարքում հայ ռազմագերիների և այլ անձանց հարցն է․ Փոխվարչապետ

Մի շարք չլուծված խնդիրների շարքում հայ ռազմագերիների և այլ անձանց հարցն է․ Փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով ս.թ. մայիսի 20-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում նա ասել է.

"Հայաստանի կառավարությունը հավատարիմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պարտավորությունների խստիվ կատարմանը։

Մի շարք չլուծված խնդիրների շարքում ամենասուրը հայ ռազմագերիների և այլ անձանց հարցն է, որոնք պահվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայից հետո, որը հնարավոր է եղել կանգնեցնել Ռուսաստանի միջնորդական ջանքերի և ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի տեղակայման շնորհիվ։ Միայն ադրբեջանական կողմի հաստատած տվյալների համաձայն՝ 38 հայ զինվորական և քաղաքացիական անձինք դեռևս գտնվում են ադրբեջանական գերության մեջ՝ հակառակ ստանձնած պարտավորություններին, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և սկզբունքների խախտում է։

Ադրբեջանական կողմի հնչեցրած հինգ սկզբունքների մասով պետք է նշեմ, որ հայկական կողմն ի պատասխան հայտարարել է վեց կետ լրացնող սկզբունքներով, որոնք արտացոլում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հայկական կողմի մոտեցումները:

Եվս մեկ անգամ հարկ եմ համարում հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով, և հայկական կողմը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջխաղացման գործում":

  • Կիսվել: