Եվրոպական կառույցները ՀՀ-ին մղում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ընդունել այսպես կոչված համարձակ փոխզիջումներ. Գևորգյան
Արմեն Գևորգյանի ելույթ է ունեցել ԵԽԽՎ երրորդ մասի նստաշրջանում «Համաշխարհային խաղաղությունը՝ վտանգված. Գազայում մարդասիրական աղետի դադարեցումը և Մերձավոր Արևելքում լայնածավալ հակամարտության լուծումը» թեմայով հրատապ ընթացակարգով քննարկման ժամանակ:
՛՛Հարգելի՛ գործընկերներ,
Մերձավոր Արևելքում լարվածության սրացումն արդեն արձագանք է գտնում նրա սահմաններից դուրս։ Այս իրադարձություններն ուղղակի սպառնալիք են Հարավային Կովկասի համար։ Հայաստանի աշխարհաքաղաքական պատմության վերջին 5 տարիները ցույց են տալիս, որ միջազգային ինստիտուտները կորցնում են իրենց հեղինակությունը, համընդհանուր նորմերը կորցնում են իրենց արդիականությունը, ազգային սահմանները կորցնում են իրենց կայունությունը, և, վերջին հաշվով, յուրաքանչյուր երկիր ստիպված է ունենալ գոյատևման սեփական ռազմավարությունը։
Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հակամարտությունը ցույց տվեց գործընկերության գործոնի կարևորությունը և հարաբերություններում վստահության արժեքը։ Ցավոք, այսօր Հայաստանի համար դրանք մարտահրավերներ են։ Երբ խոսում ենք արժեքների մասին, մենք դառնում ենք եվրոպամետ։ Բայց երբ անհրաժեշտ է դիմակայել ռիսկերը և լուծել հակամարտությունները, դառնում ենք առավել լայն Մերձավոր Արևելքի իրական մասը, և այդ ժամանակ գործում են խաղի բոլորովին այլ կանոններ։ Լավատեսական ակնկալիքները չեն կարող դիմագրավել տեղում առկա վտանգներին։ Ի տարբերություն մեր կազմակերպության, վերջերս Իսլամական համագործակցության կազմակերպությունն ընդունեց բացահայտ հակահայկական բանաձև, որը կրոնը զենք է դարձնում հայկական մշակութային ժառանգության և քրիստոնեական ինքնության դեմ:
Եվրոպայի խորհուրդը պահպանում է դիվանագիտական լռություն և հավասարակշռված մոտեցում հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ խուսափելով խոսել բարոյական հստակությամբ և քաղաքական վճռականությամբ: Միևնույն ժամանակ, եվրոպական կառույցները Հայաստանին մղում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում ընդունել այսպես կոչված համարձակ փոխզիջումներ, որոնք, ի վերջո, կխաթարեն Եվրոպայի երկարաժամկետ կայունությունը:
Պարոն նախագահ, Մերձավոր Արևելքի գլոբալ տարածաշրջանում այսօր Հայաստանի համար ամենամեծ աջակցությունը կլինի չխոչընդոտել ավանդական գործընկերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը և չդնել նոր աշխարհաքաղաքական կախվածությունների մեջ: Պատմականորեն և օբյեկտիվորեն հաստատված աշխարհաքաղաքական կապերից հրաժարվելու հարկադրանքը Հայաստանին միայն ավելի խոցելի կդարձնի և դուռ կբացի նոր ագրեսիայի համար՛՛,-ասված է ելույթում: