Մեր զինվորի վերադարձը շատ դրական քայլ եմ համարում սահմանին լարվածության թուլացման առումով․ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը` բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն` Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Փաշինյանն այս մասին խոսել է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:
«Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում: