հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեր տարածաշրջանն այսօր մեծ հնարավորություններ ունի՝ դառնալու կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև. Կոստանյան

Մեր տարածաշրջանն այսօր մեծ հնարավորություններ ունի՝ դառնալու կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև. Կոստանյան

Եվրոպական միության հետ համագործակցության և ինտեգրման խորացումը, TRIPP նախագիծը և ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը զուգահեռ գործընթացներ չեն, այլ միևնույն գործընթացի բաղադրիչները, որը ես կանվանեի Հայաստանում բարօրության կառուցում։ Այս մասին այսօր «Երևանյան երկխոսություն - 2026» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա նշել է, որ տարածաշրջանում սահմանների բացումը առավելություն կլինի ոչ միայն հայկական տնտեսության, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար։

«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ազդեցությունն է՛լ ավելի լայն կլինի, քանի որ մեր տարածաշրջանն այսօր, հաշվի առնելով նաև լոգիստիկ խափանումները, որոնք մենք տեսնում ենք աշխարհի տարբեր մասերում, մեծ հնարավորություններ ունի դառնալու կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Եվ այստեղ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ մեր բոլոր գործընկերների հետ։ Իհարկե, Միացյալ Նահանգները մեր հիմնական գործընկերն է։ Մենք պատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը։ Բացի դրանից, ԵՄ-ի հետ ևս ունենք բազմաթիվ նախագծեր, որոնք չեն սահմանափակվում տրանսպորտային հասանելիության հարցերով։

Այսօր ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի ժամանակ ձեռք են բերվել մի քանի շատ կոնկրետ համաձայնություններ, որոնք վերաբերում են ոչ միայն տրանսպորտային հասանելիությանը, այլև տնտեսությանը։ Բացի դրանից, մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք, որ ավելի ակտիվ կաշխատենք էներգետիկայի ոլորտում։ Մենք կապեր ենք հաստատում մեր բոլոր հարևանների հետ։ Օրինակ՝ Վրաստանի հետ աշխատում ենք էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման վրա, աշխատում ենք ճանապարհների որակի բարելավման ուղղությամբ, խոսում ենք սահմանների վրա համատեղ մաքսային հսկողության համակարգի ստեղծման մասին։

Մենք Հայաստանում պատրաստվում ենք կառուցել օդանավակայանի նոր տերմինալ, ինչը կարևոր է Հայաստան բիզնես ներգրավելու համար»,-ասել է Վահան Կոստանյանը։

  • Կիսվել: