Մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է. Միրզոյան
Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ լիագումար նիստում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ հանդես է եկել արտահերթ ելույթով:
Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը:
«Մեծարգո՛ վարչապետ, կառավարության անդամներ, Ազգային ժողովի նախագահություն, պատգամավորներ, Ռուբեն Ռուբինյան, ողջունում եմ բոլորիդ։ Ես օբյեկտիվ պատճառներով բաց եմ թողել նախորդ խոսակցությունը, բայց որքան հասկանում եմ, պնդումներ են հնչել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ապրող, աշխատող, բարիք ստեղծող, հավելյալ արժեք ստեղծող, հարկեր վճարող և ըստ այդմ իր ձևավորած իշխանություններից արդյունք պահանջող քաղաքացին հերոս է։ Չգիտեմ՝ այսպես է սա հնչել թե ոչ, բայց ես կիսում եմ այդ ձևակերպումը։
Մի վերջին ելույթին ուղղակի ականատես և մասամբ ականջալուր եղա։ Ուզում եմ ասել՝ այո, այդ նույն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր՝ 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունից հետո, հստակ գիտի, հնարավորինս հստակ և թափանցիկ գիտի, որտեղ են ծախսվում իր վճարած հարկերը։ Նա դա տեսնում է դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեջ, նա դա տեսնում է ճանապարհների շինարարության մեջ, նա դա տեսնում է իրենց հնարավորություններն իրացնող և ատեստավորվող ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մեջ, թոշակառուների թոշակների բարձրացման մեջ և բազմաթիվ այլ ոլորտներում։ Եվ նույնիսկ Ձեր նշած պետական ծառայության մեջ գտնվող մարդկանց հավելավճարների սահմանման կարգավիճակով խրախուսանքների դեպքերում, այդ հերոս քաղաքացին քաջատեղյակ է գործընթացներից և մեզնից հաշիվ կպահանջի կամ կգնահատի մեր գործունեությունը գալիք հերթական՝ 2026 թվականի ամռանը սպասվող, ընտրություններում։
Բայց ես չեմ կարող, երևի ճիշտ չէ շատ խոսել այս մասին։ Ես պարտավոր եմ ինձ սահմանափակել ինձ վերապահված ոլորտի վերաբերյալ դատողություններով։
Այսպես, 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ենք քննարկում: Ինչպես հավանաբար տեղյակ եք կամ արդեն, եթե հետևում եք մեր գործունեությանը, կարող եք ենթադրել մեր բյուջետային ծրագրերից հիմնականն արտաքին գործերի ոլորտում կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն է, և այստեղ դուք կարող եք այս հոդվածի ներքո հասկանալ ու պատկերացնել այն ամենը, ինչ ըստ էության ամեն օր անում ենք մեր արտաքին քաղաքականության մեջ: Մեր արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական ներդաշնակ ու համերաշխ միջավայրի ստեղծումն է մեր շուրջը, մեր տնտեսական կապերի աշխուժացումն է: Տարածաշրջանում առաջին հերթին մեր հարաբերությունների կարգավորմանը և լավացմանը և խորացմանն է ուղղված մեր արտաքին քաղաքականությունը:
Հենց սրա մասին է վկայում նախևառաջ մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանում, Հայաստանի շուրջ և նաև ավելի լայն տարածաշրջանային տարանցիկ, տրանսպորտային ուղիների, հանգույցների, միջոցների ապաշրջափակումը, վերաշահագործումը, վերակառուցումը, եթե հարկ կա, նորերի կառուցումը և այլն: Այստեղ հասկանում ենք և՛ ճանապարհներ, և՛ երկաթուղիներ, և՛ զանազան մալուխների, ինտերնետի, էլեկտրական հոսանքների գծերը, գազ, էներգակիրներ. որևէ բան, որը կարող է երկրները իրար կապել: Եվ այս համատեքստում, իհարկե, առաջին հերթին նկատի ունենք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև կապուղիների, և առաջին հերթին երկաթուղու ապաշրջափակումը և վերագործարկումը, որի ուղղությամբ բանակցություններն ընթանում են և ընթանում են բավական ինտենսիվ: Կուզենայի մաղթել մեր երկու երկրներին և մնացած շահագրգիռ երկրներին, որ այս հարցում շուտ ունենանք առաջընթաց:
Իհարկե, խոսելով կապուղիների մասին՝ չենք կարող չխոսել նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև փակ սահմանի և այդ սահմանի հնարավոր բացման և մեր գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ ինչպես նախկինում, ճանապարհային, սովորական ավտոմեքենաների ճանապարհների անցակետի և այդ անցակետի շուրջ գոյություն ունեցող ենթակառուցվածքների գնահատման գործողություն է տեղի ունեցել մեր և Թուրքիայի կողմից՝ միասնաբար և համատեղ։ Այժմ նույն գործողությունը տեղի է ունենում Կարս-Գյումրի երկաթգծի շուրջ և այդ երկաթգծով սահմանային անցակետի հետ կապված ենթակառուցվածքների համատեքստում: Աա, իհարկե, առաջնային առաջնահերթությունն է, եթե կուզեք մասնավորեցնենք՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։ Հնարավոր կապուղիների մասով հնարավոր զարգացումների մասին արդեն անդրադարձա։
Ընթացիկ տարում մենք ունեցել ենք էական ձեռքբերում: Մենք ստորագրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ պայմանագիրը. դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեությունը կանոնակարգող կանոնակարգն է, որն արդեն ուժի մեջ է մտել, վավերացվել է ձեր կողմից, համապատասխան ներպետական ընթացակարգերն անցել է Ադրբեջանում և մտել է ուժի մեջ։ Մենք հույս ունենք, որ ի հավելում նրան, որ մենք արդեն 12 կիլոմետրից ավելի, 12,7 կիլոմետր, եթե չեմ սխալվում, մեր սահմանից սահմանազատել ենք, և այնտեղ արդեն սահմանի երկու կողմերում խաղաղ կյանքի և գործունեության հնարավորություններ են ստեղծված։ Մենք հույս ունենք, որ նաև հետագա մասը մեր համատեղ սահմանը ևս հնարավորինս արագ կսահմանազատվի և այս հարցը ևս կհամարենք լուծված։ Իհարկե, խաղաղության պայմանագիրը կա մեր և Ադրբեջանի միջև հանրապետությունների համատեքստում։ Այստեղ դեռևս մնացել են մեկ-երկու ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում։ Ես կասեի, նույնիսկ ավելի համագործակցաբար և ավելի կառուցողական մթնոլորտում։ Եվ կրկին, ինչպես անցած անգամ պատգամավորներից մեկը նկատեց, ես կուզենայի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք իսկապես շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ։
Թուրքիայի մասով. մեր երկխոսությունը դինամիկ է: Այս երկխոսության նպատակը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, սահմանի բացումը և կապուղիների վերագործարկումը:
Մեր առաջնային, այսպես ասած, գործընկերներն են, իհարկե, մեր մյուս երկու հարևանները՝ Վրաստանը և Իրանը, ում հետ հարաբերությունները մենք շարունակելու ենք խորացնել: Օրինակը Վրաստանի դեպքում՝ մենք ունենք շոշափելի առաջընթաց, նաև ռազմավարական գործընկեր ենք միմյանց ճանաչել և նաև աշխատում ենք տեղաշարժի դյուրացման ուղղությամբ: Արդեն ID քարտերով անցումը փաստ է, իրականություն է:
Իրանի հետ ունենք սերտ գործընկերային հարաբերություններ և կրկին երկխոսություն ենք վարում բազմաթիվ ոլորտներով:
Ես տեսնում եմ, ժամանակը խիստ անբավարար է նրա համար, ինչ ես ուզում էի ասել: Երկրորդը, որ պետք է ասել տարածաշրջանային, այսպես ասած, ֆոկուսից բացի, դա դիվերսիֆիկացիան է: Մեր երկրորդ ձեռագիրը կամ, եթե կուզեք, մոտեցումը մեր արտաքին քաղաքականության մեջ մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան է: Եվ նաև այս պատճառով է, որ մենք էապես խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, Միացյալ Նահանգների հետ, ում հետ մենք մտադիր ենք մեր հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության: Եվրոպական միության հետ ևս մենք ունենք շոշափելի ձեռքբերումներ՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկ, Հայաստանի Հանրապետությանն աջակցություն Եվրոպական խաղաղության գործիքի ներքո: Մենք միասին այժմ քննարկում ենք նոր գործընկերության օրակարգը՝ բավականին բովանդակալից և ընդգրկուն մի փաստաթուղթ, որը շուտով, հուսով ենք, կվերջնականացնենք:
Չեմ կարող կենտրոնանալ մնացած ուղղությունների վրա, բայց, իհարկե, մեզ համար շատ կարևոր են Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները, որոնք դինամիկ զարգանում են: Կենտրոնական Ասիայում ես կուզեի առանձնացնել, չնեղացնելով, իհարկե, մյուս գործընկեր երկրներին, օրինակ՝ Ղազախստանը, ում հետ մենք էական էլի դինամիկայի ավելացում ունենք:
Աֆրիկան մեզ համար նոր և հետաքրքիր ուղղություն է, բայց նաև բազմակողմ հարթակները: Գիտեք, որ վերջերս Հայաստանը անցկացրեց «Երևանյան երկխոսությունը», և ես հուսով եմ, որ ձեր աջակցությամբ սա շարունակական երևույթ կլինի: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կկարողանա այս միջազգային դիվանագիտական կոնֆերանսն անցկացնել, եթե դուք համաձայնեք ամեն տարի: Սա շատ լավ հնարավորություն է նոր գործընկերներ ձեռք բերել և ավելի մտերմանալ եղած գործընկերների հետ և ընդհանրապես Հայաստանը դնել միջազգային աշխույժ իրադարձությունների քարտեզում կամ օրացույցում: Մենք վերջերս շահեցինք մեր հայտը Երևանում անցկացնել Կենսաբազմազանության՝ COP17 անունով հայտնի միջոցառումը, դա տեղի կունենա 2026 թվականին:
Եվ ի վերջո, նաև որոշակի վարչատնտեսական հարցերի անդրադառնամ, այնուամենայնիվ: Իհարկե, ինչպես կարող եք տեսնել, և՛ դիվանագիտական համակարգի առջև ծառացած խնդիրներն են էականորեն աճել և՛ ժամանակը, և՛ եռանդը, որը պահանջվում է այդ խնդիրները սպասարկելու համար, և ըստ այդմ մենք նաև ավելացնում ենք մեր կարողությունները: Մենք այժմ ներկայություն ունենք, դեսպանություն ենք բացել Ուրուգվայում, առաջիկա ամիսներին կտեսնեք դեսպանությունների հիմնադրում Հունգարիայում և Կիպրոսում, գրասենյակ ունենք Սերբիայում արդեն: Լյուքսեմբուրգի մասին մի փոքր ավելի վաղ տեղյակ էիք: Կան այլ պլաններ, որոնց մասին այս պահին մի փոքր վաղ եմ համարում խոսել, այն տեղերում, որտեղ արդեն ունեինք ներկայություն, բայց մեր հարաբերությունները նոր որակի են բարձրացել: Ահա այդ տեսակի հարաբերությունները սպասարկելու համար նաև շենքային պայմաններ ենք ավելացրել, չգիտեմ որոշ ֆիզիկական ենթակառուցվածքներ. շատ լավ տեղյակ եք Լոնդոնում և Փարիզում մեր ձեռք բերած նոր, շատ ներկայանալի շենքերի մասին: Կրկին. ունենք այս մասով պլաններ:
Ամփոփելով՝ պարո՛ն Արշակյան, իհարկե, խնդիրներ ևս կան, և չեմ կարող բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում այդ մասին ձեզ հետ չկիսվել: Մի շարք երկրներում, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով գնաճի պայմաններում, մենք երբեմն հետ ենք մնում. օրինակ՝ մեր դիվանագետների բնակարանների վարձակալման փոխհատուցմանն ուղղված սահմանաչափերի համապատասխանության առումով: Ջանքեր կգործադրենք համապատասխանեցնելու: Դիվանագիտական ծառայության որակի բարձրացմանը զուգահեռ, որոշակի բարելավում պետք է անենք, թերևս արժի, որ անենք դիվանագետների խրախուսման համակարգի կատարելագործման մեջ: Հիմա, հարգելի՛ պատգամավորներ, ձեր դատին է հանձնված օրենքի նախագիծ ճիշտ այդ մասին: Ես առիթից կօգտվեմ և իմ ակնկալիքը և խնդրանքը կհայտնեմ ձեզ՝ հնարավորինս աջակցել այս օրենքի նախագծին: Այստեղ թերևս ես կանգ կառնեմ:
Շնորհակալ եմ»: