Մենք զգում ենք Հայաստանի` դեպի Եվրոպա շարժվելու շատ ամուր ձգտումը. Ալեն Բերսե
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, կիսվելով Հայաստան կատարած պաշտոնական այցից ստացած տպավորություններով, նշել է, որ Ստրասբուրգը զգում է Երևանի կողմից դեպի Եվրոպա շարժվելու ամուր ձգտումը։
Այս մասին ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստում՝ անդրադառնալով հունիսի 11-12-ը Հայաստան կատարած այցին, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության մակարդակին ու այդ ուղղությամբ երկրի իշխանությունների կատարած աշխատանքին։
Նա նշել է, որ Հայաստան կատարելիք իր այցն ի սկզբանե նախատեսված է եղել մարտ ամսին, սակայն իրականացվել է հունիսին։
Ալեն Բերսեի խոսքով՝ այդ ժամանակահատվածը հնարավորություն է տվել հետևել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային զարգացումներին ու Հարավային Կովկասում տիրող ընդհանուր իրավիճակին։
«Հարավային Կովկասը տարածաշրջան է, որն ամբողջովին ինտեգրված է եվրոպական ընտանիքին։ Դա պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական, այլև զանազան պատմական հանգամանքներով, ինչպես նաև արժեքներով»,-ասել է Ալեն Բերսեն:
Նա ընդգծել է, որ այդ ամենը խրախուսում է՝ հետագա առավել մեծ համատեղ աշխատանք տանելու համար։
«Տարածաշրջան, մասնավորապես՝ Հայաստան կատարած այցից հետո իմ սեփական գնահատականն ու տպավորությունն այն է, որ մենք զգում ենք դեպի Եվրոպա Հայաստանի շատ ամուր ձգտումը։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Եվ այս համատեքստում Եվրոպայի խորհրդի դերակատարությունն է աշխատել նման ձգտումներ ունեցող երկրների հետ»,-ընդգծել է Ալեն Բերսեն՝ շեշտելով, որ այդ պատճառով էլ Երևանում գոյություն ունի կարևոր գործառույթ իրականացնող ԵԽ գրասենյակ։
Նրա խոսքով՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում ինքն այցելել է նաև ԵԽ երևանյան գրասենյակ, որտեղ իրականացվում է շատ կարևոր գործառույթ, այն է՝ հնարավոր դարձնել բարեփոխումների զարգացումը, տարբեր նախագծերի իրականացումը։
«Իմ տպավորությունը շատ դրական է։ Ես միամիտ չեմ. հասկանում եմ, որ յուրաքանչյուր երկրում, ԵԽ բոլոր անդամ երկրներում մշտապես հնարավոր է գտնել խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, դա բնական է։ Սակայն կարևոր է նրանց հիմնական ուղղությունը, ինչն, իմ տպավորությամբ, ճիշտ ուղղությամբ է ընթանում»,-ընդգծել է ԵԽ գլխավոր քարտուղարը։