Մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնել, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞. Փաշինյան
Մենք 30 տարուց մի քիչ պակաս Վրաստանի հետ դեմարկացիայի գործընթաց ենք անցնում: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Սահմանի 60 տոկոսի վերաբերյալ արդեն ունենք համաձայնեցված դելիմիտացիա, մոտ 30 տոկոսի հետ կապված դեռ աշխատանքը շարունակվում է: Մենք պետք է լուծենք այդ հարցերը: Մեր մեծագույն խնդիրը մեր ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, մենք պետք է գնանք այս ճանապարհով: Բայց իլյուզիաներ չունենանք, որովհետեւ դա միայն մեզնից չէ կախված՛՛:
Փաշինյանի խոսքով՝ սա նշանակում է, որ մենք պետք է գնանք երկխոսության, կոմունիկացիաների բացման: ՛՛Այսինքն՝ մենք ուզում ենք Ադրբեջանի տարածքով անցնենք, Ադրբեջանը մեր տարածքով չանցնի՞: Ո՞նց ենք սա պատկերացնում: Կարող ենք իրենք էլ չանցնեն, մենք էլ չանցնենք, բայց դա նշանակում է, որ մենք ուզում ենք մեր շրջափակման քաղաքականությունը շարունակել: Չի կարելի, պետք է գնալ լուծումների՛՛,-ասաց նա: