Մենք լսել ենք վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցելու հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ. Լավրովը՝ Ալիևին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարին: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ Լավրովը, հանդիպման ժամանակ դիմելով Ալիևին, մասնավորապես, ասել է. ՛՛Դուք նշեցիք հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի, ապագա պայմանագրի դրույթների մասին, որոնք փոխանցել եք։ Ի դեպ, մենք լսել ենք հայկական կողմի՝ վարչապետ Փաշինյանի պատրաստակամությունը՝ բանակցել այս թեմայով։ Այստեղ նույնպես պատրաստ ենք օգնություն ցուցաբերել՝ Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությամբ՛՛:
Ավելի վաղ հայտել էինք, որ միևնույն հանդիպման ժամանակ Ալիևն ասել էր. ՛՛Բաքուն պատրաստ է լուծել Անդրկովկասում երկարաժամկետ խաղաղության հաստատման հետ կապված հարցերը՛՛:
Լավրովն իր հերթին նշել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու Բաքվի և Երևանի աշխատանքին՝ ընդհանուր սահմանի հստակեցման հարցում: