Մենք հուսով ենք, որ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունը տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար․ Թուրքիայի ԱԳ նախարար
Թուրքիան ակտիվորեն շփվում է Ռուսաստանի հետ բազմաթիվ արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Սիրիայի, Լիբիայի և Ղարաբաղի։ Կան դիրքորոշումների տարբերություններ, սակայն կողմերը հավատարիմ են մնում կառուցողական երկխոսության՝ ազգային շահերից բխող զգայուն հարցերում։ Դա, մասնավորապես, վերաբերում է Ուկրաինային։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Hurriyet-ը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի անօրինական բռնակցումը և շարունակելու է հետևել Ղրիմի թաթարների անվտանգության ու բարեկեցության պահպանմանը։
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Չավուշօղլուն նշել է, որ տարածաշրջանում փոփոխությունների ու վերափոխումների հույս կա։
Միաժամանակ նա նշել է, որ Անկարան պատրաստ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ «Մենք հուսով ենք, որ Հայաստանը կօգտագործի այս հնարավորությունը տարածաշրջանում խաղաղության և զարգացման համար»,- ասել է թուրք նախարարը։


