շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մենք չենք ուզում ՍԴ-ն տեսնել ֆուտբոլի գնդակի կարգավիճակում. Պետրոսյան

Մենք չենք ուզում ՍԴ-ն տեսնել ֆուտբոլի գնդակի կարգավիճակում. Պետրոսյան

Մենք պայքարում ենք հանուն Սահմանադրության։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու դեմ քվեարկեցին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծին։

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ-ն ժամանակին դեմ է քվեարկել Հրայր Թովմասյանի թեկնածությանը: «Այսինքն՝ մենք անձի խնդիր չենք լուծում, մենք ինստիտուցիոնալ մոտեցում ենք ցուցաբերում: Իրենք իրենց ձեռքով մատնում են իրենց և ասում՝ քաղաքական խնդիր է այստեղ լուծվում: Դրա համար ես ասում եմ՝ մի երկրում, որտեղ ՍԴ-ն ձևավորվում է քաղաքական շարժառիթներով, այս երկիրը ոչ կարա բարեկեցիկ ներկա ունենա, ոչ էլ հուսալի ապագա»,-  ընդգծեց նա։

Գևորգ Պետրոսյանի խոսքով, իրենք չեն ուզում ՍԴ-ն տեսնել ֆուտբոլի գնդակի կարգավիճակում։

Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն այլ գործընթաց չի նախաձեռնում, եթե կարծում են, որ ՍԴ-ում խնդիր կա, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իրենք նպատակ չունեն հանրության մոտ ընդամենը ցուցանիշ ապահովել:

« Մենք վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանությանը, որովհետև այս կազմի պայմաններում հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի ցանկություններ, ինչպիսիք, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է: Դրա համար էլ ուզում են ՍԴ-ն համալրել խոնարհ, հեզ դատավորներով, որ կյանքի կոչեն նման նախաձեռնությունները։  Գիտեմ, ելույթիցս հետո ֆեյքերը իրենց երեկոյան ժամանակը ծախսելու են ինձ հայհոյելու համար, բայց դա ինձ այնքան է հետարքրքում, որքան թռչնագրիպի վարակը Մովսես Խորենացուն կարող էր հուզել»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր խնդիրը թշնամական մթնոլորտից վերանալն է, ուստի իրենք անձնական, կուսակցական շահեր չեն հետապնդում։

 

  • Կիսվել: