շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք արտահայտել ենք մեր քաղաքական կամքը՝ կոնսենսուսով գնալ արտահերթ ընտրությունների. Մակունց

Մենք արտահայտել ենք մեր քաղաքական կամքը՝ կոնսենսուսով գնալ արտահերթ ընտրությունների. Մակունց

Մենք հայտարարել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում բաց ենք, պատրաստ ենք քննարկումների եւ գործնական քայլերի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընթանում են բանակցություններ վարչապետի եւ մյուս խմբակցությունների ղեկավարների միջեւ, վերջնականացումը կլինի առաջիկա օրերին, եւ հույս ունենանք, որ կքննարկենք, թե ինչ տարբերակով ենք առաջ շարժվում։ Համենայն դեպս, մենք արտահայտել ենք մեր քաղաքական կամքը՝ կոնսենսուսով գնալ արտահերթ ընտրությունների՛՛։

Խոսելով ընդդիմադիրների՝ արտահերթ ընտրություններին համաձայն լինել-չլինելու մասին՝ Մակունցն ասել է. ՛՛Բանակցությունների ժամանակ մենք պետք է հասկանանք, որ համաձայն են արտահերթ ընտրությունների, գիտեք, որ շրջանառության մեջ ենք դրել ընտրական օրենսգիրքը, եթե առարկություններ կամ դիտարկումներ կան, պատրաստ ենք քննարկել նաեւ դրանք՛՛

Նա նշել է նաեւ, թե ընտրությունների ժամկետների վերաբերյալ որեւէ բան ասել չի կարող, քանի որ դեռ պարզ չէ, թե ինչպես կընթանան ընդդիմադիր խմբակցությունների հետ բանակցությունները, եւ հայտնի չէ, թե այդ հարցում նրանք ինչ դիրքորոշում ունեն։

Մակունցը հաստատել է, որ նախօրեին կառավարական ամառանոցում ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցությունը հանդիպել է  վարչապետի հետ, սակայն մանրամասներ չի հայտնել, քանի որ հանդիպումը փակ է եղել:

  • Կիսվել: