Մենք ախոռ չենք, մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ինչպես և ինչքան մեզ մորթեն․ Նիկոլ Փաշինյան
Մենք ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին, հազար ներողություն, մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք և, ի վերջո, լավ, եկեք հասկանանք՝ այդ պատերազմն ինչո՞ւ է եղել, և այդ պատերազմը 2016 թվականի ինչո՞ւ նախկինում չի եղել։ Այս մասին Ազգային ողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք չենք որոշել, որ լինի պատերազմ, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան: Ես այսօր ամբիոնում կանգնած ասում եմ, որ՝ ոչ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ: Որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք: Մենք երկիր ենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ինչպես և ինչքան մեզ մորթեն և ինչպես և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո՛, մենք հպարտ ենք, այո՛, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն, և մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզանից՝ մանիպուլացնելով մեզ, հայրենասիրության մոդելներ հրամցնելով, որ այ, դուք պետք է հայրենասեր լինեք այնպես, ինչպես մեզ է ձեռք տալիս: Մենք հայրենասեր պետք է լինենք այնպես, ինչպես այս երեխաներին է ձեռք տալիս։ Ես չգիտեմ՝ ինչ են պատմում իրենց, ես նույնիսկ վստահ չեմ՝ իրենց ուսուցիչներն ինչ են պատմում իրենց, բայց ես այսօր իրենց ասում եմ՝ թույլ չեմ տալու, որ մեր սերունդներին պահեն մատաղացու գառան կարգավիճակով։ Մենք այդքան ասում ենք՝ մեզ կոտորեցին, ցեղասպանության ենթարկեցին, լավ, չենք հասկանալո՞ւ, ի վերջո, դրա խորքային պատճառները, չենք հասկանալո՞ւ դրանց խորքային պատճառները»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը ընդգծել է՝ այժմ խոսում է Հայաստանի և Արցախի լինել չլինելու մասին։
«Հայաստանը և Արցախը ընդամենը հողակտորներ չեն, որովհետև Հայաստանի բոլոր երբեմնի հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա և գոյություն ունեն: Հայաստանը՝ մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է: Սա ենք մենք ուզում: Եվ, այո՛, մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա, և այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, այդ ագրեսիվությունը բազմաթիվ այլ տեղերում կա: Ի՞նչ է պետք անել այս ագրեսիվության նկատմամբ՝ պետք է կառավարել այդ ագրեսիվությունը: Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը, ուրիշ տարբերակ չկա»,- նշել է նա։


