հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մենք Ադրբեջանից սկսեցինք լրջորեն հետ մնալ. Արմեն Սարգսյանը՝ պարտության պատճառների մասին

Մենք Ադրբեջանից սկսեցինք լրջորեն հետ մնալ. Արմեն Սարգսյանը՝ պարտության պատճառների մասին

Մենք մեծ հնարավորություն ունեինք մեր հաղթանակը վերածելու կայուն խաղաղության: Սակայն մենք չօգտվեցինք դրանից: Այս մասին ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին տված հարցազրույցում ասել է  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ 

Պատասխանելով հարցին, թե որո՞նք են երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները և արդյո՞ք հնարավոր է երրորդը՝ նախագահ Սարգսյանն ասել է․ <<Երրորդի հնարավորությունը եկեք թողնենք Աստծուն: Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ 2-3 տարով Ադրբեջանից առաջ էինք զինված ուժերի կազմակերպման, խորհրդային բանակում ծառայած, Աֆղանստանում պատերազմած հայերին օգտագործելու հարցում: Այո, այն ժամանակ ևս կար Թուրքիան, սակայն ոչ այսպիսի ծավալներով. նման բացահայտ կերպով չէր օգտագործվում նաև ՆԱՏՕ-ի զենքը։ 

Այնուհետև եկան պատերազմին հաջորդած 26 տարիները: Մենք մեծ հնարավորություն ունեինք մեր հաղթանակը վերածելու կայուն խաղաղության: Սակայն մենք չօգտվեցինք դրանից: Եվ լրջորեն սկսեցինք հետ մնալ>>։

Ըստ նրա, քանի որ Ադրբեջանը, դեռ Հեյդարի Ալիևի ղեկավարությամբ, հասկացավ, որ իր առավելությունը նավթն է, և արեց ամեն բան՝ այն միջազգային շուկա հանելու համար: Արդյունքում, ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք բոլոր առավելությունները:

Նախագահը նաև նշել է, որ բացի այդ, Ադրբեջանը գնել է մեծ քանակությամբ զինամթերք, բացեիբաց, Թուրքիայի միջոցով մարտի դաշտ բերել ՆԱՏՕ-ի զենքը, ողջ աշխարհից հավաքել հազարավոր վարձկանների․

<<Ես Բրյուսելում ուղիղ հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել: Բնականաբար, պատասխան չստացա>>։

 

  • Կիսվել: