շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը

Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը

Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի համար պայքարողները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ քայլերթով կգան Երևան։
 
Շարժման մասնակիցները քայլերթից առաջ տերունական աղոթք հնչեցրին, ինչից հետո Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ծնկի իջան Կիրանց գյուղի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ, որպեսզի օրհնություն ստանան նրանից։
 
«Իրենց (ՀՀ իշխանությունների) գործը միակողմանի սահմանազատում անելն էր, իսկ մեր գործը`այդ ընթացը կասեցնելն է։ Մենք կարևոր թեզ ունենք` հոգին հաղթելու է «դուխին», եռագույնն էլ հաղթելու է սևին և սպիտակին»,– ասաց Բագրատ սրբազանը։
 
«44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները նույնպես իրենց օրհնությունը տվեցին քայլերթի մասնակիցներին։
 
Բագրատ սրբազանը հորդորեց ճանապարհին ծխախոտի մնացորդներ չգցել ու չաղտոտել տարածքները։
 
Նա նշեց` Կիրանցից շարժվելու են դեպի Սևքար, ապա մեքենաներով կտեղափոխվեն դեպի Ենոքավան, հետո ոտքով կգնան դեպի Իջևանի գինու գործարան։ Այնտեղից էլ գիշերը կբարձրանան Հաղարծնի վանք, առավոտյան կմասնակցեն պատարագի, ապա մեքենայով կիջնեն դեպի Դիլիջան, հետո Սևան ու այդպես մինչև Երևան։

  • Կիսվել: