երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մարտի 1-ի գործով տուժողի կարգավիճակից հրաժարվելու պահանջ ներկայացրած Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է

Մարտի 1-ի գործով տուժողի կարգավիճակից հրաժարվելու պահանջ ներկայացրած Քոչարյանի աջակիցը ձերբակալվել է

Օրերես Մարտի 1-ի գործով ամբաստանյալ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի կողմից գործով տուժողներից մեկին գործից հրաժարվելու հարկադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ, InfoPort.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա ներկայացմամբ, քրեական գործի շրջանակներում մեկ անձ՝ Վարուժան Մկրտչյանը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340֊րդ հոդվածի 4֊րդ մասի 1֊ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։

Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի սույն հոդվածը սահմանում է հետևյալ հանցանքը՝ «կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք տալու համար կաշառելը կամ հարկադրելը»։

Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ՝ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

  • Կիսվել: