ուրբաթ, դեկտեմբեր 8
8 / 12 / 2023
Մարդկային լեքսիկոնում չկան այնպիսի բառեր, որոնք ճշգրիտ կբնորոշեն երկրում գոյություն ունեցող իրավիճակը. Դավիթ Անանյան

Մարդկային լեքսիկոնում չկան այնպիսի բառեր, որոնք ճշգրիտ կբնորոշեն երկրում գոյություն ունեցող իրավիճակը. Դավիթ Անանյան

Եկել եմ Ազատության հրապարակ՝ իմ ընկերներին բարևելու, ես երբեք ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել, սա համարենք քաղաքացիական իմ պարտքը, եկա, ընկերներիս բարևեցի, հիմա գնում եմ իմ աշխատանքին։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Անանյանը նշեց, որ իրեն մտահոգում է երկրում ստեղծված իրավիճակը։

«Եթե գտնեք մի մարդու, ում չի մտահոգում, ուրեմն այդ մարդուց հեռու մնացեք։ Երևի մարդկային լեքսիկոնում չկա մի բառ, որը ավելի ճշգրիտ կբնորոշի այն իրավիճակը, որը ունենք Հայաստանում և Արցախում։ Իրավիճակը, մեղմ ասած, լավը չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով իր պաշտոնավարման ժամանակահատվածում իշխանությունների հետ համագործակցությանը և հարաբերություններին, Դավիթ Անանյանը ասաց․

«Ես եղել եմ իշխանության մի օղակում, որը զբաղված է եղել երկրի տնտեսությամբ և իմ մասնագիտական կարողությունները ներդրել եմ տնտեսական որևէ արժեք ստեղծելու ուղղությամբ, քաղաքական որևէ հարցերի չեմ խառնվել և բնականաբար ժամանակ էլ չեմ ունեցել վերլուծելու։ 2020թ․-ի հունիսից չեմ հանդիսանում այս կառավարության մասնիկը, բայց մինչ այդ պահը եղել եմ այդ կառավարությունում և ունեցել եմ իմ հարաբերություններն ու պատասխանատվությունը»։

Հարցին՝ ինչպես է տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը, Անանյանը նշեց․

«Ես իմ կարծիքը արտահայտել եմ, ասել եմ, որ իշխանափոխությունը պետք է լիներ կամովին, նոյեմբերի 10-ի առավոտյան, մինչև հիմա ես չեմ հաժարվում այս դիրքորոշումից»։

Անանյանի կարծիքով՝ իշխանությունը Թուրքիայի հետ սահմանը բացելու ուղղությամբ տարվող քաղաքականությունից առաջ չի վերլուծել տնտեսական ռիսկերը, իսկ այդ ռիսկերը, ըստ Անանյանի, բավականին շատ են։

«Խաղաղության դարաշրջանի համար պետք է պատեհ ժամանակ ընտրել, ներկա ժամանակահատվածը պատեհ չէ։ Սահմանը բացելուց և առևտրաշրջանառություն ունենալուց հետո պետք է մոռանալ ազգային արտադրություն ու արդյունաբերություն ունենալու մասին, որովհետև մենք աշխարհագրական այնպիսի դիրքում ենք, որ մեզ մոտ ապրանքների ինքնարժեքը և ծառայությունը ավելի թանկ է, քան օրինակ թուրքական միջինից բարձր որակ ունեցող ապրանքների ինքնարժեքը, հետևաբար Հայաստանը կդառնա թուրքական ապրանքների ևս մեկ շուկա և տնտեսական կախվածություն կունենա Թուրքիայից»,- ասաց նա։

Անանյանը նշեց, որ եթե իմանա, որ իր կարիքը կա Ազատության հրապարակում, ինքը ներկա կգտնվի այնտեղ և կմասնակցի շարժմանը։

  • Կիսվել: