կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարդկանց խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է. Պատգամավորը  սահմանին տիրող իրավիճակի հարցով դիմեց միջազգային հանրությանը

Մարդկանց խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է. Պատգամավորը սահմանին տիրող իրավիճակի հարցով դիմեց միջազգային հանրությանը

ԱԺ արտահերթ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով դիմեց միջազգային հանրությանը։

 

«Օգոստոսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մի շարք բնակավայրեր թիրախավորվել են, և բնակավայրերում լսելի են եղել տարբեր պայթյունների և որոտների ձայներ։ Մարդկանց խաղաղ կյանքի իրավունքը ոտնահարվել է։ Փոխհրաձգության հետևանքով թշնամու կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող։ Նույն օրը ադրբեջանական կողմը սադրանքի է դիմել Երասխի հատվածում։ Թշնամու դիպուկահարի արձակած կրակոցից սպանվել է ավագ ենթասպա»,- ասաց նա։

 

Ըստ Թովմասյանի՝ ադրբեջանական զինված ուժերն արդեն տևական ժամանակ է՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից Հայաստանի Հանրապետությանն ուղղված կրակահերթեր են իրականացնում։ Ընդ որում, դրանք հաճախ կատարվում են հատուկ լուսարձակող զինատեսակներով, որպեսզի քաղաքացիական բնակչության համար լինի ահաբեկչական։ «Ադրբեջանի արարքներն ունեն հանցավոր բնույթ, մարդկանց կյանքից զրկելու դիտավորություն և ամբողջությամբ խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը: Ադրբեջանական զինված ուժերն ամիսներ շարունակ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչպես նաև միջհամայնքային ճանապարհներին: Այս փաստերն ապացուցում են, որ այսպիսով խախտվում են մարդկանց կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի իրավունքները: Ադրբեջանի հերթական վայրագությունների առնչությամբ հրավիրում եմ միջազգային հանրության ուշադրությունը: Ակնկալում եմ Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլերը»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

  • Կիսվել: