երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարդիկ ունենում են միասնական քարտ, լիցքավորում են այնքան, որքան ցանկանում են․Հայկ Մարությանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը

Մարդիկ ունենում են միասնական քարտ, լիցքավորում են այնքան, որքան ցանկանում են․Հայկ Մարությանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում անցկացվող ավագանու նիստին զուգահեռ տեղի ունեցող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ներկայացրեց հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ իրենց առաջարկը։
 
«Մեր առաջարկը հետևյալն է` մարդիկ ունենում են միասնական քարտ, լիցքավորում են այնքան, որքան ցանկանում են ու ամեն անգամ ավտոբուս, տրոլեյբուս կամ մետրո մտնելիս հպում են սարքին ու հաշվից 100 դրամ տանում է։ Սա միակ գործող տարբերակն է: Եթե իրենք ասում են, որ տարեկան, ամսական փաթեթներ են առաջարկում, թող մնան դրանք էլ, բայց մարդը թող ընտրության հնարավորություն ունենա` 2–րդ, 3–րդ, 4–րդ, 5–րդ տարբերակ»,– նշեց Մարությանը։
 
Նա ընդգծեց` երևանցիները եթե կցանկանան, կարող են ձեռք բերել ամսական կամ տարեկան փաթեթները, բայց վստահ է` բնակչության մեծամասնությունը չի կարողանալու տարվա սկզբին 350 000 դրամ վճարել 4– հոգանոց ընտանիքի համար։
 
Նշենք, որ նախագծով առաջարկվում է տարեկան կտրվածքով երթևեկության համար տրանսպորտի ուղեվարձը դարձնել փաթեթային համակարգով 90.000 դրամ՝ քարտային տարբերակով, իսկ եթե ձեռք եք բերում էլեկտրոնային կրիչ, ապա՝ 88.000 դրամ: 1 ամսվա համար տրանսպորտի ուղեվարձի փաթեթը կդառնա 9000 դրամ, 1 օրվա համար 8 անգամ երթևեկելը կարժենա 900 դրամ, իսկ 7 օրվա համար առավելագույնը 30 անգամ տրանսպորտով երթևեկելը՝ 5000 դրամ, 90 րոպե երթևեկելը կարժենա 300 դրամ: 30 օրում 10 ուղևորության համար քաղաքացիները կվճարեն 2200 դրամ:

  • Կիսվել: