կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մանուկյանը մի խումբ քաղաքագետների հետ քննարկել է Արցախի հարցի հետագա ճակատագիրը

Մանուկյանը մի խումբ քաղաքագետների հետ քննարկել է Արցախի հարցի հետագա ճակատագիրը

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հարցի հետագա ճակատագիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները. օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների եւ փորձագետների հետ: Այս մասին հայտնում է Հայրենիքի փրկության շարժումը։

Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման վերաբերյալ մասնագետները տարբեր տեսակետներ են հնչեցրել: Ըստ որոշ տեսակետների՝ քաղաքական դաշտի ռազմավարությունն ու գործողությունները պետք է մշակվեն հասարակության շրջանում սոցիոլոգիական լուրջ հետազոտությունների եւ վերլուծությունների հիման վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել այն խնդրին, որ սոցիալական ցանցերը հաճախ կառավարվում են եւ ստեղծում իրականության ոչ հավաստի պատկեր:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության եւ դրան հաջորդած իրադարձությունների խորքային պատճառների, իշխանության, պետական համակարգի, ընդդիմության, քաղաքական կուսակցությունների խնդիրների եւ այդ համակարգերը կայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Կարեւորվել է Հայաստանում ազգային օրակարգի ձեւավորման, ազգային ինքնության հարցերն առաջնային դարձնելու եւ դրանց շուրջ հասարակությանը համախմբելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ ներկաները կարեւորել են հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման եւ քայլերի հստակեցումն ու ակտիվացումը՝ մտահոգություն հայտնելով վերջին ժամանակահատվածում հիմնահարցը երկրորդ պլան մղելու միտումների առնչությամբ:

Քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման ֆոնին Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլեր եւ ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հստակ օրակարգ ձեւավորելու խնդիրը, Ռուսաստանի եւ բնական այլ դաշնակիցների հետ համագործակցության հեռանկարները:

Կարեւորվել է աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ արտաքին քաղաքականություն իրականացնելու եւ տարածաշրջանային հնարավոր վերադասավորումների դեպքում շահեկան վիճակում գտնվելու հարցը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար եւ հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ պետության ներսում առկա ճգնաժամն ու խնդիրները հաղթահարվեն։

 

  • Կիսվել: