երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մանե Գևորգյանը նոր աշխատանքի է անցել

Մանե Գևորգյանը նոր աշխատանքի է անցել

2021 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած այդ չարաբաստիկ հայտարարության մեկ տարին լրանալու օրը, պաշտոնից ազատվեց Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

«Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում»,- ազատվելու վերաբերյալ գրել էր Մանեն իր ֆեյսբուքյան էջում։ Դրանից հետո նա տևական ժամանակ «անհետացել էր» ասպարեզից՝ որևէ տեղ չէր երևում։

Hraparak.am-ին ասացին, սակայն, որ Մանեին աշխատանքի առաջարկ են արել, և հիմա նա ինչ-որ պրոյեկտի իրականացման վրա է աշխատում։ Առաջարկն արվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, այժմ՝ իշխանությունների սրտի գործարարներից համարվող Արման Սահակյանի՝ Սովրանոյի Արմանի կողմից։ 

Մանե Գևորգյանը Hraparak.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ նշելով․ «Այս պահին աշխատում եմ ներդրումային ծրագրում, որը նախատեսվում է իրականացնել Գյումրիում, ներդրումային ծրագիրը բավականին ծավալուն է, իր մեջ ներառում է կրթական և սոցիալական կոմպոնենտներ, և կարծում եմ, որ այն Գյումրիի և Շիրակի մարզի համար մեծ նշանակություն կունենա»։

-Իսկ ի՞նչ է սպասվում այդ ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում, ի՞նչ է կառուցվելու կամ ստեղծվելու Գյումրիում։

-Քանի որ այս պահին քննարկումների փուլ է, և չեմ կարող շատ մանրամասներ հաղորդել, բայց կարող եմ ասել, որ ինքը մի քանի կոմպոնենտից է բաղկացած լինելու, բնակելի թաղամաս է լինելու, նաև կրթական և սոցիալական ասպեկտներ էլ է ունենալու, որոնք կարծում եմ՝ Գյումրիին շատ անհրաժեշտ է։

-Իսկ իրականացնողը Արման Սահակյա՞նն է։

-Գործընկերներով են իրականացնում, ես էլ աջակցում եմ կառավարության հետ կապերի հարցում, քանի որ կառավարության հետ որոշակի հարցեր կան, որ պետք է վերջնականացնել, այդ առումով ներգրավվել եմ աշխատանքներում։

-Այսինքն՝ ճի՞շտ է, որ առաջարկը եղել է Արման Սահակյանի կողմից։

-Այո։

-Իսկ մամուլի քարտուղարի պարտականությունները թողնելուց հետո կառավարության հետ կապը պահո՞ւմ եք, շփում ունե՞ք Նիկոլ Փաշինյանի, կառավարության այլ անդամների, պաշտոնյաների հետ։

-Կարող եմ ասել, որ կառավարության տարբեր անդամների հետ բարիդրացիական իմ կապերը շարունակում եմ պահպանել, իսկ ծրագրի մասով մասնավորապես աշխատանքները ենք տանում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի և իր գրասենյակի հետ։ 

-Դուք Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատվեցիք 2021 թ․նոյեմբերի 9-ին՝ այդ, այսպես կոչված, չարաբաստիկ փաստաթղթի ստորագրման մեկ տարին լրանալու օրը։ Ի վերջո, ո՞րն էր ազատման պատճառը։

-Ես էդ մասով ավելին ասել, քան իմ ֆեյսբուքյան գրառումը, չեմ կարող։ Բայց ես չեմ ցանկանում անդրադառնալ այդ թեմային, այս պահին ես իմ ամբողջ ուժերը կենտրոնացնում եմ, որպեսզի այս ծրագիրն իրականություն դառնա, և հուսով եմ, որ դա տեղի կունենա։

-Իսկ ծրագիրը կառավարության որոշմամբ արդեն հաստատվե՞լ է։

-Կարելի է ասել՝ այո, կառավարության որոշմամբ ծրագիրը հաստատվել է, սակայն հետագայում որոշակի փոփոխություններ պետք է արվեին, որոնք արդեն արվել են, ու հիմա սպասում ենք, որ կգանք որևէ վերջնական հանգուցալուծման։

  • Կիսվել: