ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Լին Թրեյսին արժևորել է ԱՄՆ դեսպանատան հարաբերությունները ՀՅԴ-ի հետ

Լին Թրեյսին արժևորել է ԱՄՆ դեսպանատան հարաբերությունները ՀՅԴ-ի հետ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հյուրընկալել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնից։

Դեսպան Լին Թրեյսիին ուղեկցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբելլը, քաղաքական հարցերով  մասնագետ Լիլիթ Օհանյանը:  ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացնում էին ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ Աշոտ Սիմոնյանը: 

Շնորհակալություն հայտնելով դեսպանին հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաեւ շնորհավորելով  նրան Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց  իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված քաղաքական իրողությունները:  Նա մասնավորապես  հնչեցրեց ՀՅԴ Հայաստանի կառույցի գնահատականներն ու մի շարք մտահոգություններ բարձրաձայնեց երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ: 

Հանդիպմանը մասնակից՝ ՀՅԴ ԳՄ մյուս անդամները շեշտադրեցին հանրապետությունում իրական, բովանդակային եւ համակարգված բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց անհանգստությունն արտահայտեցին երկրում սահմանադրական եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նկատվող անառողջ գործընթացների կապակցությամբ: 

Դեսպան Թրեյսին իր խոսքում մասնավորապես նշեց. «Ես արժեւորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»: 

Հանդիպման վերջում կողմերը շփումները պարբերական դարձնելու եւ մոտեցումները միմյանց փոխանակելու համոզում հայտնեցին: 

  • Կիսվել: