հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լիբանանի Տրիպոլի քաղաքում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել

Լիբանանի Տրիպոլի քաղաքում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել

Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Տրիպոլիում անկարգությունների հետևանքով հայ համայնքը վնասներ չի կրել. չեն տուժել հայկական եկեղեցին, դպրոցը, ակումբը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Տրիպոլիում ունենք թե հայկական եկեղեցի, թե հայկական դպրոց, թե ակումբ: Հայկական կառույցները չեն վնասվել: Քաղաքի հայկական համայնքը փոքրաթիվ է: Հայերի շրջանում տուժածներ չկան»,-ասաց Գանտահարյանն ու հավելեց, որ հայ համայնքի ներկայացուցիչներից ակցիաներին մասնակցողներ չկան:

Ընդհանուր առմամբ, իրադրությունը նա գնահատեց մտահոգիչ: Կորոնավիրուսային իրավիճակը, ֆինանսական շատ ծանր կացությունը, երկրում «լոքդաունը» առաջացրել են քաղաքացիների բողոքը, ցասումը: Գանտահարյանի խոսքով՝ բանկային համակարգը ոչ լիարժեք է աշխատում, կա գործազրկություն, լիբանանյան դրամանիշն անկում է ապրել: Այս ամենը ծանր իրավիճակ են ստեղծել:

Տրիպոլիում քաղաքացիների և իրավապահ մարմինների բախումներ են տեղի ունենում, կան վիրավորվածներ, տուժածներ, վնասվել են խանութներ: Անկարգություններին մասնակցողներն անգամ Տրիպոլիի քաղաքապետարանի շենք են ներխուժել: «Բեյրութում ևս ցույցեր եղել են, սակայն ավելի փոքր ծավալով: Ճանապարհներ էին փակվել, սակայն իրավապահ մարմիններին հաջողվել է վերաբացել դրանք»,-ասաց հայ համայնքի ներկայացուցիչը:

Լիբանանում այժմ կորոնավիրուսը շատ է տարածվել, հիվանդանոցների գերհագեցվածության արդյունքում երբեմն մահեր են գրանցվում: «Ցավոք, հայ համայնքից էլ, կորոնավիրուսի պատճառով մահեր ունենում ենք: Հիվանդանոցների գերհագեցվածության, առողջապահական համակարգի փլուզման երևույթ է ընթանում, հիվանդանոցներում տեղ չկա: Եվ դա հանգեցնում է լուրջ խնդիրների»,-ասաց նա ու հավելեց, որ թեև «լոքդաունի» արդյունքում վարակակիրների թվի որոշակի անկման միտում նկատվել է, սակայն իրավիճակը դեռևս շարունակում է մնալ ծանր:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Լիբանանում հայ համայնքն այժմ սոցիալական դժվարություններ ունի՞, Գանտահարյանն ասաց, որ բնականաբար: «Ընդհանուր վիճակն է այդպիսին: Կա նաև քաղաքական անորոշություն, նշանակվել է վարչապետ, վարչապետին չի հաջողվել կազմել կառավարություն. և քաղաքական անորոշություն,և տնտեսական դժվարություններ, և կորոնավիրուս»,-ասաց նա:

Սակայն Գանտահարյանը վստահեցրեց, որ Լիբանանի հայ համայնքը շարունակում է ինքնակազմակերպման եղանակով կարիքավոր ընտանիքներին օգնություն հասցնել, վարակակիրներին փորձում են տեղավորել հիվանդանոցներում, համապատասխան ծառայություններ աշխատում են: Բեյրութից դեպի Երևան շաբաթը մեկ անգամ թռիչքներ են իրականացվում:

Տրիպոլիում անկարգություններ են սկսվել հունվարի 25-ին։ Մարդիկ դուրս են եկել փողոցներ ՝ պահանջելով բարելավել կենսապայմանները՝ վախենալով սովից։ Ցույցերի մասնակիցները իշխանություններին մեղադրում են անգործության մեջ եւ հանդես են գալիս կորոնավիրուսի պատճառով երկարացված կարանտինի դեմ:

  • Կիսվել: