երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լենա Նազարյանն՝ անցնող տարվա օրենսդրական գործունեության մասին

Լենա Նազարյանն՝ անցնող տարվա օրենսդրական գործունեության մասին

ԱԺ փոխնախագահ Լենա նազարյանն ամփոփել է անցնող տարվա իր օրենսդրական գործունեության հաշվետվությունը։ Մասնավորապես, նա գրել է․

«Սիրելի բարեկամներ,
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում անցնող տարվա իմ օրենսդրական գործունեության հաշվետվությունը:

1. ՀՀ օրենք «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին»: Հիշեցնեմ՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։ Հեղ. Ալեն Սիմոնյան, Լենա Նազարյան, ԱԺ պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողով: Ամբողջությամբ ընդունված է և իրականացվում է:

2. «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»: Առաջարկվում է դադարեցնել մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նոր թույլտվությունների տրամադրումը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նախքան վերոնշյալ ժամկետի ավարտը լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման ոլորտի ռազմավարության, ռազմավարությունից բխող ընդերքօգտագործման օրենսդրական փոփոխությունների եւ դրանով պայմանավորված ենթաօրենսդրական ակտերի մշակման եւ ընդունման նպատակով»: Հեղ. Մերի Գալստյան, Վարազդատ Կարապետյան, Լենա Նազարյան, շրջանառության մեջ է դրված:

3. ՀՀ օրենք «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին»: Առաջարկվում է օրենսդրական մեխանիզմներ ստեղծել՝ կանխելու տնային, թափառող, ծառայողական նշանակության, գիտահետազոտական եւ գիտաուսումնական փորձարկումների, ինչպես նաև ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների նպատակով օգտագործվող կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը: Հեղ. Մերի Գալստյան, Լենա Նազարյան, շրջանառության մեջ է դրված:

4. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»: Առաջարկվում է www.e-draft.am հարթակում հրապարակվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված նորմատիվ ակտերի նախագծերը: Առայժմ կհրապարակվեն միայն 20 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքների (ընդամենը 12-ն են) մշակած նորմատիվ իրավական ակտերը, իսկ 2022թ.-ի հունվարի 1-ից՝ բոլոր համայնքներինը: Հեղ. Լենա Նազարյան, առաջին ընթերցմամբ ընդունված»։

  • Կիսվել: