ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում, Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին  (թարմացված, տեսանյութ)

Լարված իրավիճակ և քաշքշուկ ԱԺ-ում, Ալեն Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին (թարմացված, տեսանյութ)

Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո իրավիճակը դահլիճում լարվեց, ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին:

 

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի շրջանակում իր ելույթում «Հայաստան» խմբակցությունից Արթուր Սարգսյանը կարծիք հայտնեց, որ դատավորի թեկնածու Արմեն Դանիելյանը, 2021թ նոյեմբերի 15-ին իր իրավունքը խախտելով, կալանավորել է իրեն, ինքն այդ ժամանակ գտնվել է ԱԺ-ում:

«Դուք այսօր այս ամբիոնում կանգնած հպարտորեն ասում եք, որ Դուք ձեր բոլոր որոշումները կայացրել եք օրենքի սահմաններում: Ես ասում եմ, որ դուք ապօրինի որոշումներ եք կայացրել: Ապօրինի որոշում եք կայացրել և կալանավորել եք ինձ»,-ասաց պատգամավորը:

Ապա նա ավելի կոշտ արտահայտվեց. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ և կալանավորել»:

Այս ձևակերպմանն ի պատասխան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց կոռեկտ արտահայտվել: Դուրս գալուց առաջ նա կանգնեց ամբիոնի կողքին՝ Արմեն Դանիելյանին հորդորելով նայել իր աչքերի մեջ: Ապա դահլիճում աղմուկ բարձրացավ, բղավոցներ սկսվեցին, մոտեցան նաև պատգամավորները, իրարանցում, հրմշտոց սկսվեց։ ԱԺ նախագահը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին՝ հորդորելով Արթուր Սարգսյանին դուրս տանել:

Արթուր Սարգսյանի այս ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, քաշքշուկ սկսվեց։

Երբ անվտանգության աշխատակիցները ուժ գործադրելով հանում էին պատգամավորին դահլիճից, նա ասել է․

«Արա, թողեք հլը, դու պատասխան ես տալու: Հլը սրան նայի, այ բիձա: Ես պտի մտնեմ ներս, ինձ չպիտի հանեք: Ինձ ասում է՝ հլը ռադ էղի ստեղից, այ բիձա: Անպատասխան թողել եք, դրա համար սենց ա անում»:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Էս ամեն ինչը Հովիկ Աղազարյանի սադրանքն էր, հենց իր անդաստիարակությունն էր, բոլոր իշխանություններին քծնելու ցանկությունն էր»:

Արդեն նիստերի դահլիճից դուրս թեթեւ քաշքշուկ սկսվեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի եւ անվտանգության աշխատակիցների միջեւ: Պատգամավորը հրեց նրանց, ասելով՝ «սիկտիր եղեք ստեղից»: Մյուս պատգամավորները փորձում էին բաժանել ու պատնեշ ստեղծել նրանց միջեւ:

 

  • Կիսվել: