Կուզեի դա երազ լիներ, բոլորին, Փաշինյանին էլ՝ կոչ եմ անում սթափվեն. Գեղամ Նազարյան
Բագրատ Սրբազանի և Աջապահյանի կալանավորումն ինձ համար անձնական ողբերգություն է, իսկ եթե իրավական դաշտում ենք դիտարկում մեկ անգամ ևս ուզում եմ այն մարդկանցից, ովքեր այդ գործը քննում են, յոթ անգամ մտածեն, նոր որոշում կայացնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Ըստ Նազարյանի՝ եթե իշխանությունը նման հրահանգ է տալիս, միևնույնն է, մարդն է որոշում կայացնում: «Ես չեմ հավատում, որ այդպիսի ճնշում են գործադրում: Մարդ ի վերջո կարող է դիմում գրել գործից դուրս գալ, եթե գտնում է, որ ակնհայտ ապօրինի հրահանգ են իրեն տվել: Այս բանը մեր հասարակությունից պետք է վերանա՝ ընտանիք են պահում, տուն են պահում, երեխա են պահում՝ այս ձևակերպմամբ»,- ասաց նա։
Անդրադառնալով օրերս Վեհարանի վրա հարձակմանը, Նազարյանն ասաց, որ դա մեր ազգի ամոթն է: «Դա մեր ազգի ամոթն է, մենք պետք է մի հատ մեզ թափ տանք ու հասկանանք՝ այս ի՞նչ բարոյահոգեբանական վիճակում ենք ապրում, որ այդպիսի գործողության ականատես եղանք:
Ես մեկնաբանություն չունեմ, կուզեի, որ դա երազ լիներ և չտեսնեի, որ այսպիսի բան կարող է լինել, որ ուժային կառույցի համազգեստով մարդիկ վճռական քայլերով գնան Մայր Աթոռ: Փառք Աստծո, ինչ-որ մի պահի երևի Աստված վճռական իր ազդեցությունն ուղարկեց, հետ քաշվեցին, և մենք առավել մեծ խայտառակությունից խուսափեցինք: Չնայած՝ դա արդեն իսկ ամոթ է մեր ազգի համար»,- շեշտեց պատգամավորը:
Կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու Նիկոլ Փաշինյանի շարունակական գրառումներին էլ անդրադառնալով՝ Նազարյանն ասաց, որ այդ հարցը չի ուզում քննարկել ու չի մեկնաբանում: «Այդ թեմայի մեջ ես չեմ մտնում, բոլորին էլ կոչ եմ անում սթափվել ու հետ կանգնել այդ թեմաներից»,- ասաց նա:
Ճշտող հարցին էլ՝ Փաշինյանին էլ է կոչ անո՞ւմ, նա ասաց. «Բոլորին, բոլորին, բոլորին»: