չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կոռուպցիան 2018թ-ից հետո ավելի համակարգված ու կազմակերպված բնույթ ստացավ. Սայաթ Շիրինյան

Կոռուպցիան 2018թ-ից հետո ավելի համակարգված ու կազմակերպված բնույթ ստացավ. Սայաթ Շիրինյան

2018թ. իշխանությունը բռնազավթելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր բազմաթիվ ելույթներում նշում էր, որ իրենք եկել են Հայաստանում գոյություն ունեցող կայացած միակ ինստիտուտը՝ համակարգված կոռուպցիան, վերացնելու, բայց կոռուպցիան 2018թ-ից հետո ավելի համակարգված ու կազմակերպված բնույթ ստացավ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայաստան՛՛ դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը:

Նա նշեց. ՛՛Տեղին է հիշատակել իշխանությունների համար առանձնակի գրավչություն եւ քարոզչական հնարք ներկայացնող ասֆալտապատման աշխատանքները, որոնց համար իրականացվող մրցույթները ձեւական բնույթ են կրում, հաճախ մրցույթներ չեն էլ անցկացվում, իսկ հաճախ հաղթող են ճանաչվում յուրային պաշտոնյաների հարազատները, բարեկամներն ու փոխկապակցված անձինք, ինչպես Ալեն Սիմոնյանի հարազատ եղբորը պատկանող, ասֆալտապատման եւ բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունը, որը հաղթող ճանաչվեց միլիոնավր դրամներ հասնող մրցույթում: Իշխանափոխությունից հետո կպարզվի՝ քանի հոգու է ասֆալտը մուլտիմիլիոնատեր դարձրել, իսկ հիմա միայն խոսվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մասին՛՛:

Շիրինյանի խոսքով՝ մեկ անձից կատարվող գնումներն աննախադեպ չափերի են հասել: Բացի այդ, նրա խոսքով, ՛՛կոռուպցիայի կլասիկ դրսեւորում է Համահայկական հիմնադրամից 108 մլն դոլարի անօրինակա փոխանցումը պետբյուջե, որը հետո դարձել է յուրայինների համար պարգեւավճար՛՛:

Սայաթ Շիրինյանը հավելեց. ՛՛Պատերազմից հետո Ալեն Սիմոնյանը լացակումած դեմքով հայտարարեց, որ իրենք վշտացած են ամեն զինվորի կորստով ու մահացել են յուրաքանչյուրի հետ, իսկ թե ինչպես էին նրանք վշտացած, տեսանք ու համոզվեցինք. Անկախության օրը նրանք Շուշիում չէին, այլ Հունաստանում՝ ամենաթանկ հյուրանոցում եւ կլուբում տասնյակ հազարավոր եվրոների հասնող կայֆերի մեջ էին: Ալեն Սիմոնյանին ընկերակցում էր հայտնի աներձագը՝ երբեմնի աղքատ դերասանը, որը, սակայն, իշխանությունից կարճ ժամանակ անց ավտոմեքենայի, առանձնատան եւ անշարժ այլ գույքի տեր դարձավ:

Նրանց հետ էր նաեւ Դիջեյ Էդիկը՝ Էդիկ Աղաջանյանը, որը մեզ հայտնի է հերոսի կեղծ պապիկին հանրությանը հրամցնելով: Սրանք նոր Հայաստանի այլեւս մեծահարուստներն են, իսկ մինչ հեղափոխությունը փաբերում եւ գարեջրատներում պարտքով գարեջուր խմողները: Սգում է ազգը, բայց նրանք բարձրաշխարիկ հաճույքներով են զբաղված, եւ այդ ամենը հիմնավորում են նրանով, որ անձնական կյանքի իրավունք ունեն՛՛:

Նա նշեց նաեւ արագաչափերի խնդրի մասին՝ ասելով. ՛՛Արագաչափերը ոչ միայն չհանվեցին, այլ նաեւ շեշտակի ավելացան, նաեւ՝ լուսանկարահանող սարքերը, նաեւ՝ տուգանվողների քանակը: Հիմա ո՞վ է հարստանում, ու՞մ գրպանն են գնում այդ գումարները, միգուցե իշխանությունների սրտի օլիգարխ, ՛՛յառմարկաների» բիզնեսմենի՛՛: 

Անդրադառնալով ԽԾԲ-ին՝ նա նշեց. ՛՛Ակնհայտորեն խորացել է ԽԾԲ ինստիտուտը՝ բոլոր պաշտոններում նշանակվում են նրանց հարազատները, բարեկամները, քավոր-սանիկները, մինչդեռ 2018թ-ին նրանց աջակցողներն այլ ակնկալիքներ ունեին, բայց այդ հարցում էլ խաբվեցին: Ընտանեկան բիզնեսը տասնյակ միլիոնավոր դրամներով աջակցելու վառ օրինակ է կնոջ բիզնեսին աջակվող Արսեն Թորոսյանը, ամուսնու բիզնեսին աջակվող Անահիտ Ավանեսյանը, մինչ օրս կոռուպցիոն որեւէ գործարք բացահայտված չէ՛՛:

  • Կիսվել: