երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կոռուցպիայի կանխման հանձնաժողովի անդամության թեկնածուները՝ Հանձնաժողովի դերի մասի

Կոռուցպիայի կանխման հանձնաժողովի անդամության թեկնածուները՝ Հանձնաժողովի դերի մասի

«Ես կարծում եմ, որ հանձնաժողովի անկախությունը, ինչպես նաեւ նրա թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը որոշումներ ընդունելու գործընթացում եւ նրա գործունեության շրջանում, որոնք նախատեսված են օրենքով, կարեւոր նշանակություն ունեն»,-այս մասին այսօր ԱԺ-ում Կոռուցպիայի կանխման հանձնաժողովի առաջին անդամների նշանակման հարցի քննարկման ժամանակ ասաց կառավարության թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում անկյունաքարերցի մեկը պիտի լինի հանձնաժողովի կազմավորումը եւ դրա արդյունավետ ու նպատակաուղղված գործունեությունը:

Միևնույն թեմային անդրադարձավ նաև «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Էդգար Շաթիրյանը: Նա ասաց, որ անհրաժեշտ է հստակ նշել, որ «Պետական ծառայության մասին» օրենքում գրանցված դրույթը ունեցվածքի եւ եկամուտների մասին ներկա պահին անհամատեղելի է ապօրինի հարստացման դրույթի հետ։ «Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետեւ այսօրվա դրությամբ բացահայտման ենթակա են միայն մարդու սեփականության մասին տվյալները։ Թանկարժեք գույքի հայտարարագրման չափը չափազանց բարձր է՝ 8 մլն դրամ, իսկ գործնականում դրամական հոսքերի գործընթացները դժվար է վերահսկել, կամ դրանք բնավ ենթակա չեն վերահսկողության։

Բացի այդ, դրամական արտահայտությամբ չկա հստակ տարբերություն կանխիկ եւ անկանխիկ միջոցների միջեւ։ Դասական առումով մենք չունենք պարտավորությունների հայտարարագրման համակարգ, թեեւ վարկերը եւ փոխառությունները հայտարարվում են եկամուտների մասին հայտարարագրերի համատեքստում, բայց եւ այնպես, չկա պարտադիր պահանջ՝ վարկերի մարման եւ պարտքի վերադարձման համար»,-պարզաբանեց Շաթիրյանը։

Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանը նշեց, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է կրի համակարգային բնույթ՝ բացառելով կոռուպցիայի ցանկացած դրսեւորում։ Նա, մաասնավորապես նշեց. «Այս հարցում կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարում ես գերակա եմ համարում քաղաքական կամքի առկայությունը։ Պետության հետ համագործակցությամբ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն օրենքով, եւ քաղաքացիները պետք է գիտակցեն դա»:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Հայկուհի Հարությունյանին, ապա նա ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է համարում ինստիտուցիոնալ մեխանիզմների բարեփոխումը։ «Քաղաքացիա-իրավական պատասխանատվություն՝ իր եւ Հայաստանի քաղաքացիների առջեւ»,-հանձնաժողովին իր հնարավոր անդամակցությունն այսպես բնութագրեց Հարությունյանը:

Բարձրագույն դատական խորհրդից առաջադրված Արամայիս Փաշինյանն էլ ասաց, որ ընտրվելու դեպքում ավելի շատ գործիքներ կունենա, եւ պայքարը կոռուպցիայի դեմ կդառնա ավելի արդյունավետ։

Փաշինյանը նշեց. «Կոռուպցիան «հիվանդություններից» մեկն է, որ արմատացած է Հայաստանում եւ հասարակությունում ընդհանրապես։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է երազի հզոր, ուժեղ եւ բարգավաճ երկրի մասին, եւ նա պետք է այդ երազանքը դնի իր գործունեության հիմքում, պրոֆեսիոնալ եւ այլ չափորոշիչների կողքին»:

Փաշինյանին հարց ուղղվեց, թե արդյոք ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ազգակցական կապ ունի՞, թե՞ ոչ: Արամայիս Փաշինյանը պատասխանեց. «Գուցե մենք հեռու բարեկամներ ենք, բայց ինձ դրա մասին ոչինչ հայտնի չէ»:

  • Կիսվել: