Կոչ եմ անում մեր հանրությանը՝ չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին. Նիկոլ Փաշինյան
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը և այդ առնչությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակին։ Իր խոսքում նա նշել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի մայիսի 20-ի հերթական նիստի աշխատանքները:
Մինչ օրակարգին և դրա հաստատմանն անդրադառնալը, ուզում եմ խոսել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արդեն բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել՝ այն առումով, որ իրադրությունը, իհարկե, շարունակում է մնալ լարված՝ այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, մոտավորապես 500-600 հոգի, տարբեր հատվածներում:
Մեր Զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:
Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է. առաջինը՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը:
Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, և դրա կարևոր վկայություններից է նաև այն, որ այսօր Կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարության տեղը թափուր է, որովհետև ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով: Եվ պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ կատարված դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն ԱԳՆ մեր գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև Պաշտպանության նախարարությունը նույնպես դիվանագիտական աշխատանքներ տանում, մեր փոխվարչապետերը նույնպես դիվանագիտական աշխատանք են տանում: Համարում եմ հաջողված:
Ինչո՞ւ՝ որովհետև, ըստ էության, միջազգային մեր գործընկերների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները նույնական են, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը: Սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է: Ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք նաև հրապարակային: Բայց, բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանն օգտագործում է որոշակի գործողություններ, լծակներ և Հայաստանի Հանրապետությունում ունի անսպասելի, կամ, հիմա արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ, բառիս բուն իմաստով՝ դաշնակիցներ:
Ես Անվտանգության խորհրդի նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը թերևս երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Եվ կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում՝ այդ մարդկանց գործունեությունը նոր չէ, ես չգիտեմ, գուցե այս պրոբլեմն ամբողջ աշխարհում կա, բայց՝
Այդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա՝ հրապարակային, բաց:
Այդ մարդիկ հետագայում, վերջերս ազգային ժողովներում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը:
Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք և այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա: Եվ հերթական անգամ հյուսվում է Հայաստանի կառավարության կողմից գծագրվող դավադրությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Շատ անհարգալից իրադրություն ունենք Հայաստանի Հանրապետության հանրության հանդեպ. համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն՝ սևով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք: Պատկերացրեք՝ թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված է, ասենք տեսեք ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում: Եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե է պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ, իհարկե, կրկին ասում եմ՝ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է, և այլ կերպ լինել չի կարող:
Ընդ որում՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ես ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից:
Եվ ասեմ, որ այն լ