Կիսում ենք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների կարեւորությունը. Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահը՝ ՀՀ պատվիրակությանը
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է:
Նոյեմբերի 13-ին պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Սիրիան Հայաստանի եւ հայ ժողովրդի համար յուրահատուկ նշանակություն ու դերակատարում ունի: Նա գոհունակությամբ արձանագրել է Սիրիայի հետ ավանդական ջերմ եւ գործընկերային հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի եւ փոխվստահության ամուր հիմքերի վրա:
Անդրադառնալով սիրիական ճգնաժամին՝ ԱԺ փոխխոսնակը նշել է, որ ճգնաժամի առաջին իսկ օրվանից Հայաստանը հանդես է եկել Սիրիայի միասնության եւ ինքնիշխանության պահպանման ու համապարփակ երկխոսությամբ խնդրի կարգավորման օգտին:
«2019 թվականից ի վեր Սիրիայում հայկական մարդասիրական առաքելությունն ականազերծել է գյուղատնտեսական նշանակության գրեթե 2.400.000 քմ տարածք, ինչպես նաեւ բուժօգնություն է ցուցաբերել ավելի քան 60.000 բնակչի: Բացի այդ, Հայաստանը 2023 թվականի փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ կանգնեց Սիրիայի բարեկամ ժողովրդի կողքին՝ ուղարկելով մոտ 55 տոննա մարդասիրական բեռ»,- նշել է փոխխոսնակը:
Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է Հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած բոլոր բարդություններին եւ մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքական կամք՝ գնալ խաղաղության ճանապարհով:
Մենք դա հնարավոր ենք համարում երկու կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա: Ճանապարհների ապաշրջափակումը մեր տարածաշրջանում կարող է ծառայել որպես Պարսից ծոցը Սեւ ծովին եւ Կասպից ծովը Միջերկրական ծովին միացնող մի խաչմերուկ, որին անվանում ենք «Խաղաղության խաչմերուկ»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակը:
Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղը խոսել է երկու երկրների եւ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, կարեւորել Սիրիայի հայ համայնքի դերն ու նշանակությունը՝ կառավարման հարցերից մինչեւ տնտեսական եւ մշակութային կյանքը:
Խոսելով խաղաղության մասին՝ նախագահ Սաբբաղն ընդգծել է, որ իրենք կիսում են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների կարեւորությունը:
ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսքենյանի եւ բարեկամական խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ խորհրդարանական կապերի խորացումը, որի գործում մեծ է բարեկամական խմբերի դերը՝ որպես օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության շարժիչ ուժ:
Նախագահի տեղակալն ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերը լրացուցիչ խթան են հանդիսանում երկու երկրների փոխըմբռնման ու փոխվստահության ամրապնդման գործընթացին, ինչպես նաեւ միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը:
Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսքենյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ նշելով, որ ջանքեր կգործադրվեն համատեղ օրակարգային հարցերը հասցեագրելու եւ երկու երկրների միջեւ խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ: