ԽՍՀՄ բոլոր քարտեզներում ՀՀ տարածքի գնահատականը նույնն է` 29 800 քկմ. Նիկոլ Փաշինյան
Այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցրադարձավ հարցին, թե ինչու Ադրբեջանը չեկավ Գրանադա ու փաստաթուղթ չստորագրեց:
Վարչապետը, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումներից մեկն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն, երկրորդը, որը ստուգելու հնարավորություն կլինի առաջիկայում, այն է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղություն տեղի չունենա, մի շարք թեմաներ կան, որ նրանք պետք է և կարող են օգտագործել հետագա սրացումների, էսկալացիաների համար, դրա համար ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում, բոլոր պրոբլեմները, Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը, բոլորին հասկանալի դիրքորոշումներ որդեգրենք, որոնք բխում են ՀՀ և ՀՀ անվտանգության շահերից՛՛:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը բարձրացնում է ութ գյուղերի հարց, իրենք էլ ասում են, որ մենք էլ ութ գյուղերի խնդիր ունենք:
՛՛Նույն Տավուշում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ` Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պաավաքար գյուղերում, մենք այդ հարցի լուծում առաջարկել ենք դեռ 2021 թ., ասել ենք` եկեք հիմք վերցնենք` որն է դելիմիտացիայի քարտեզը, և այդ սահմանի գծից զորքերը հետ քաշենք: ԽՍՀՄ ամբողջ ժամանակաշրջանում, երբ ունենք տարածքների վերաբերյալ արձանագրումներ, ՀՀ տարածքի գնահատականը նույնն է` 29 800 քկմ, քննարկումներ կան` այս թվի քարտեզը, այն թվի քարտեզը, այո, դրանց մեջ կան որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր պարագծի մեջ չկա տարբերություն՛՛:
Վարչապետն արձանագրեց, որ 29,800 քկմ֊ի մեջ մտնում է նաև Արծվաշենը: Ըստ նրա՝ ՀՀ֊ի ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել այդ` ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։
Փաշինյանի խոսքով՝ պրոբլեմն այն է, որ մինչև այսօր Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29,800 քկմ-ով:
՛՛Ադրբեջանի 86,600 քկմ-ն և Հայաստանի 29,800 քկմ-ն երկվորյակ թվեր են։ Այսինքն՝ 29,800-ը ճանաչելու համար պետք է 86,600-ը ճանաչել և հակառակը՛՛,-ասաց նա:
՛՛Երբ մենք ասում ենք, որ Հայաստանը 29,800 քկմ տարածք ունի, մեր որոշ ընդդիմադիրներ ասում են՝ ոչ, այդքան տարածք չունի: Նրանց լավատեսական կանխավարկածը կամ հայրենասիրական մղումն այն է, որ Հայաստանն ավելին է, քան 29,800 քկմ-ն: Բայց մեր հակառակորդներն էլ են ասում՝ ոչ, Հայաստանը 29,800 քկմ չէ: Նրանք էլ իրենց հերթին նկատի են ունենում, որ գուցե 5000 քկմ է՛՛, -նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ հակառակորդներն օգտագործում են հայաստանյան ընդդիմադիրների ոճը՝ հիմնավորելու համար, որ Հայաստանում էլ են ասում, որ Հայաստանի տարածքը 29,800 քկմ չէ:
Վարչապետի խոսքով՝ այն, որ մեր ընդդիմադիրները նշում են, որ Հայաստանը 29,800 քկմ-ից ավելին է, Ադրբեջանում գնահատում են որպես ռևանշիստական ուժերի խմորումներ, Հայաստանի ագրեսիվ քաղաքականության հիմնավորում և իրենց ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ հիմնավորում են նաև դրանով:


