ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խորհրդարանը քննարկել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է փետրվարի 7-ի ԱԺ նիստում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Արփինե Դավոյանը:

Կարեն Թումանյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար:

Թեկնածուն ներկայացրել է իրավական պետության չափանիշներին համապատասխան դատարանի անկախության, դատական համակարգի գործունեության արդյունավետության, դատարանի նկատմամբ հարգանքի դրսեւորման եւ դատավորների բարեվարքությունը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու վերաբերյալ իր պատկերացումները:

«Չնայած իրականացված եւ իրականացվող մեծածավալ աշխատանքներին եւ այն ներդրված ջանքերին, որոնք գործադրվել եւ ներկայումս գործադրվում են դատական իշխանության եւ դատավորների անկախությունն ապահովելու համար՝ մեր երկրի դատական համակարգը դեռեւս ամբողջությամբ չի համապատասխանում իրավական եւ ժողովրդավարական չափանիշներին»,- ընդգծել է զեկուցողը:

Նա բարձրաձայնել է, որ ընտրվելու դեպքում ԲԴԽ անդամի լիազորությունների սահմանում իր գործունեության հիմնական նպատակն է լինելու նպաստել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության մեծացմանը:

Կարեն Թումանյանի խոսքով դատական իշխանության բարի համբավը, դատարանի անկախությունը եւ արդյունավետ աշխատանքը մեծապես կախված է դատավորի բարեվարքությունից.

«Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը եւ խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատավորի եւ դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին եւ կասկածի տակ դնել նրա անաչառությունը»: Թեկնածուի խոսքով բարեվարք դատավորի շահն արդարադատությունն է, իսկ բարեվարք դատավորի շահի պաշտպանությունը՝ ԲԴԽ-ի պարտականությունը: «Բարեվարք դատավորը պետք է լինի պաշտպանված, նրա գործունեությանը միջամտությունը՝ անհանդուրժելի եւ դատապարտելի»,- նման կարծիք է հայտնել Կարեն Թումանյանը եւ հավելել, որ ընտրվելու պարագայում իր ուշադրության կենտրոնում է լինելու դատավորի բարեվարքության հարցը:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են անկախ դատական համակարգ ունենալուն, դատական գործերի ավելի կարճ քննություն ապահովելու հարցում ԲԴԽ դերակատարությանը, դատավորների թվակազմի ավելացմանը, դատաիրավական բարեփոխումներին եւ այլն: Թեկնածուն անընդունելի է համարել դատական գործերի վերաբերյալ հրապարակային քննարկումները:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ ելույթում հնչեցրած դիտարկումներին, նշել է.

«Որեւիցե մեկը չի ասում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան թշնամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ: Նաեւ պետք է արձանագրենք, որ մենք ինչպես ենք վերջին հարյուրամյակի ընթացքում, հասկանալի պատճառով, տրամադրված եղել մեր հարեւան երկրներին: Նույնկերպ թշնամաբար ենք տրամադրված եղել»:

  • Կիսվել: