Կգա մի գեղեցիկ օր, որ Արման Սարգսյանը կդատապարտվի սուտ մատնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար. Ռուբեն Հայրապետյան
«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
-Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե «փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց»: Քանի որ ակնհայտ է, թե հասցեատերը Դուք եք՝ ի՞նչ կասեք այս պնդման առնչությամբ:
– Դեռ փետրվարին եմ հայտնել իմ կարծիքը ոստիկանապետ Արման Սարգսյանի մտածելակերպի եւ մասնագիտական ունակությունների մասին: Նա այժմ անձնական խնդիր է լուծում: Բայց ինքն օրինական որեւէ հիմք չունի, որ կարողանա ինձ ինչ որ բան թելադրել: Ու մեղք են այն ոստիկանները, որոնք կատարում են նրա անօրինական հրամանները եւ ապօրինի գործեր հարուցում:
Ինչ վերաբերում է այդ հողակտորին. 2001 կամ 2002 թվականին՝ լավ չեմ հիշում, այն անհատույց հատկացվել է ՀՖՖ-ին մանկապատանեկան դպրոց կառուցելու համար: Հողակտորը ճանապարհ է եղել ու անջատված՝ օազիսի պես կտրված է եղել հետագայում կառուցված ֆուտբոլի ակադեմիայից:
Այն 2010-ին է կառուցվել՝ այդ ողջ ընթացքում մնացած հողակտորը երբեք չի օգտագործվել: ՀՖՖ-ն նպատակահարմար է գտել հրաժարվել այդ հողակտորից 2014-ին եւ այն հանձնվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայությանը: Վերջինս այն հաջորդ տարի աճուրդով վաճառել է՝ դեռ մի բան էլ ավելի գնով: Այդ թվում նաեւ ես եմ մի փոքր մաս գնել, նաեւ իմ մտերիմները: Հող եմ գնել աղջկաս համար տուն կառուցելու համար՝ օրենքի սահմաններում, աճուրդով, հայտարարված գնից 50 տոկոսով էլ ավելի գնով ու պետությանը մուծել գումարը: Որեւէ անօրինական բան չի եղել: