չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԿԲ-ի կանխատեսումները ցույց տվեցին Հայաստանի ճգնաժամի խորությունը. Մելքումյան

ԿԲ-ի կանխատեսումները ցույց տվեցին Հայաստանի ճգնաժամի խորությունը. Մելքումյան

Օրերս Հայաստանի Կենտրոնական բանկի հրապարակած կանխատեսումները երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ ակնհայտորեն ցույց տվեցին Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորությունը։ Այս մասին այսօր հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով, պետական բյուջեում ամրագրված տնտեսական անկման վերանայված ցուցանիշը 2 տոկոսի մակարդակում չի արտացոլում այսօրվա իրողությունները, ԿԲ-ի վատթարացված կանխատեսումները դա հաստատում են: Պատգամավորը հարց է ուղղել, թե արդյոք կառավարությունը մտադիր է խորհրդարանի դատին կրկին ներկայացնել ընթացիկ տարվա բյուջեի վերանայման հարցը՝ հաշվի առնելով երկրում վատթարացող տնտեսական վիճակը:

Նա ընդգծել է, որ այս պահին կանխատեսվում է արդեն 6,2 տոկոս անկում, իսկ հարկային մուտքերի կրճատումը գնահատվում է 12 տոկոսի մակարդակում:

Պատգամավորը նաեւ կոչ է արել հաշվի առնել, որ ծառայությունների, շինարարության եւ արդյունաբերության ոլորտների անկումը կշարունակվի մինչեւ տարեվերջ: Մելքումյանը կառավարությանը կոչ է արել խորհրդարանի առջեւ հանդես գալ իրավիճակի եւ հետագա մտադրությունների պարզաբանումներով, ինչպես նաեւ բացատրել, թե ինչու, երբ ընդդիմությունը պնդում էր, որ պետական բյուջեում տնտեսական անկման ավելի իրատեսական ցուցանիշներ ներառվեն, դա չարվեց:

  • Կիսվել: