երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2026
ՀՀ ԿԲ փոխնախագահը՝ մրգի գների մասին

ՀՀ ԿԲ փոխնախագահը՝ մրգի գների մասին

Հայաստանում միրգն ու բանջարեղենն այս տարի շուկա են մուտք գործել ուշացումով և համեմատաբար ավելի փոքր ծավալով, ուստի նույնիսկ արտահանման սահմանափակումների դեպքում զգալի ավելցուկ չեն առաջացրել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։
 
Նա, մասնավորապես, նշեց. «Միրգն ու բանջարեղենն այս տարի հասունացել ու շուկա են մտել համեմատաբար ուշ, իսկ որոշ դեպքերում բերքը սովորականից ավելի քիչ է եղել։ Հակառակ դեպքում, եթե նման՝ համեմատաբար փոքր ծավալները արտահանվեին, հենց քչության պատճառով Հայաստանի ներսում գներն է՛լ ավելի կբարձրանային»:
 
Անդրադառնալով ձկնարտադրությանը՝ նա նշեց, որ այստեղ վիճակն այլ է կայուն ծավալներով արտադրվող ձկների պարագայում. քանի որ արտադրության ծավալները չեն նվազել, իսկ արտահանման հիմնական ուղիները փակվել են, ուստի Հայաստանում ձկան գները նվազել են։
 
«Երկարաժամկետ հետևանքների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ դրանք կախված կլինեն արտադրողների՝ դեպի այլ շուկաներ վերակողմնորոշվելու հնարավորություններից»,- ասաց ԿԲ փոխնախագահը։
Լրագրողների հարցին, թե ինչպես կարող են արտահանման սահմանափակումներն ազդել բիզնեսի վարկերի վճարումների վրա, Խաչատրյանը նշեց, որ Հայաստանում հիմնական գյուղատնտեսական վարկերի պորտֆելը մոտ 370 մլրդ դրամ է, բայց խնդիրներ կարող են առաջանալ ոչ բոլոր վարկերի հետ կապված, քանի որ ֆերմերների մի մասը աշխատում է ներքին շուկայում, իսկ մյուս մասը փորձում է վերակողմնորոշվել դեպի նոր շուկաներ: Սակայն որոշ տնտեսություններ չեն կարող խուսափել դժվարություններից, ուստի նրանք արդեն բանակցություններ են սկսել բանկերի հետ՝ իրենց վարկերը վերակառուցելու համար։ Դրա ծավալներն արդեն կազմում են մոտ 30 մլրդ դրամ (81 մլն դոլար)։
 

  • Կիսվել: