հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում. ՔՈ ՍԴԿ թեկնածու

Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում. ՔՈ ՍԴԿ թեկնածու

Հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձում են ընտրողների ուշադրությունը գրավել՝ ներկայացնելով իրենց ծրագրերը: 

Այդ ծրագրերի դրույթները, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին, հիմնականում վերաբերում են անվտանգությանը, տնտեսությանը, սոցիալական հարցերին:

ՀԺ-ն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Գոռ Հակոբյանի հետ զրուցել է կուսակցության տնտեսական ծրագրերի մասին:

- Պարո՛ն Հակոբյան, ձեր նախընտրական թռուցիկների տնտեսությանը վերաբերող մասում նշված է, որ Հայաստանը հումքային կցորդից վերածելու եք վերամշակող արտադրության, ապա արդյունաբերական երկրի. ինչպե՞ս եք դա  պատկերացնում:

- Նախ մենք հստակ ձեւակերպում ենք մի պարզ նպատակ, որ  երկրի տնտեսական զարգացման հիմքը զարգացած արդյունաբերություն ունենալն է: Դա պետք է հռչակվի որպես քաղաքականություն:

Մեր ծրագրում նշված է նաեւ տարածքների համաչափ զարգացման մասին: Գաղտնիք չէ, որ հիմնական կենտրոնացումը Երեւանում է տեղի ունենում: Պետք է մարզերում որոշակի տնտեսական կլաստերներ ստեղծել ամբողջ ցիկլով: Եթե, օրինակ՝ մի տարածքում առողջարաններ, հիվանդանոցներ, բժշկական ծառայություններ լինեն, այլ հատվածում այդ բժշկական ծառայություններն ապահովող սարքավորումների արտադրություն պետք է լինի, իսկ մեկ այլ հատվածում՝ այդ ամեն ինչի տեխնոլոգիական աջակցությունը:

Ոչ թե պետք է լինի ինչ-որ ձեռնարկություն, որի ամեն ինչը դրսից բերվի, այլ այնպիսի հատված, որ սկզբից մինչեւ վերջ դու կարողանաս արտադրել: Դա նշանակում է, որ սկզբնական շրջանում պետք է ուսումնասիրություններ անել, հասկանալ ամեն տարածաշրջանի համար լավագույն մեկնարկային հնարավորությունները եւ սկսել կամաց-կամաց կառուցել: Դա երկարատեւ գործընթաց է, բայց առանց դրա ամեն ինչ անարդյունավետ կլինի: Օրինակ՝ դու կարող ես ներդրող բերել, որ մի խոշոր ձեռնարկություն բացի, բայց եթե դրան կողքից աջակցող ամեն ինչը չլինի՝ ապա տնտեսական ճգնաժամերի կամ ճանապարհների փակման պարագայում նրանք կլքեն Հայաստանը:

- Ձեր ծրագրերը եւ մոտեցումները սոցիալիստական են, հարկման պրոգրեսիվ մոտեցումներ կան՝ հարուստները պետք է շատ վճարեն, աղքատները՝ քիչ: Այսինքն այս տրամաբանությամբ հարուստին ասում եք, եթե դու հարուստ ես, պետք է ավելի շա՞տ վճարես:

- Մենք առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է: Այլ բան է, որ ոչ մեկը այդ սահմանադրական դրույթը չի պահել: Մենք սոցիալական պետության մեր մեկնաբանությունն ունենք: Այս երկրում  մարդու իրավունքները պետք է իրացվեն, յուրաքանչյուր մարդ պետք է իր գլխավերեւում կտուր ունենա, պետք է անվճար եւ որակյալ կրթություն ու առողջապահություն լինի: Սրանք տարրական կենսապահովման պայմաններ են, որ մարդն արժանապատիվ ապրի: Այսինքն՝ արժանապատիվ կյանքի պայմաններ պետք է ստեղծվեն:

Ինչպե՞ս ենք դա անելու. մի քանի ճանապարհ կա, այո, հարկային քաղաքականությունը մեր ծրագրում պրոգրեսիվ է: Պրոգրեսիվ է այնքանով, որ հարուստ մարդիկ պետք է ընդհանուր հանրային բարիքների ծառայության համար ավելի շատ վճարեն: Սա այնպիսի ձեւակերպում է, որ հարուստները պետք է վճարեն շատ, իսկ աղքատները՝ քիչ: Մենք պետք է ասենք՝ սա մեր հանրային տարածքն է, մեր պետությունը մեր հանրային սեփականությունն է՝ աղքատ ես, հարուստ ես, միջին խավ ես, դա մեր բոլորի հանրային սեփականությունն է:

- Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը տասնյակ տարիներ կախում է ունեցել հանքարդյունաբերությունից, իսկ ձեր կուսակցությունն ըստ էության կանաչ տնտեսության կողմնակից է: Եթե հաջողվի իշխանության գալ, ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսության այսչափ մեծ կառուցվածքային փոփոխությունը:

- Իրականում, Հայաստանի տնտեսությունը կախված չէ մետաղական հանքարդյունաբերությունից: Դա մի քարոզչական միֆ է, որը տարածվում է: Եկամուտների մեջ զուտ մետաղական հանքարդյունաբերության եկամուտները այնքան քիչ են, որ դա չի կարելի համարել որոշիչ եւ հիմնական: Մետաղական հանքարդյունաբերությունից որոշ չափով կախված է արտաքին առեւտրի դրական սալդո ապահովելու խնդիրը, բայց դա արդեն կառավարման հարց է: Եթե դրան գումարենք նաեւ այն վնասը, որ հանքարդյունաբերությունը տալիս է հանրային մնացած այլ ոլորտներին, դա արդեն անհամեմատելի է:

Հայաստանի նորանկախ հանրապետության մեջ ինչքան նոր հանք է բացվել՝ մեծամասնությունը չեն կարողացել լիարժեք աշխատել. աշխատում են այն հանքերը, որոնք Սովետական Միության ժամանակ են սկսել գործել: Դրանք այն հանքերն են, որոնք հիմնական մետաղական արդյունաբերության խնդիրն են լուծում, մնացած հանքերի մեծ մասը բացվել են, կարճ ժամանակ աշխատել են առանց շահույթի եւ փակվել են: Հայաստանում կան մի քանի տարածքներ, որոնք ուղղակի կախված են հանքարդյունաբերությունից, ինչը խնդիր է եւ ինչ-որ ժամանակ հետո պետք է լուծել:

Մենք փուլային մոտեցում ունենք. առաջին փուլն այն է, որ այս պահից սկսած մետաղական հանքարդյունաբերության որեւէ նոր լիցենզիա չենք տրամադրելու՝ մինչեւ հարկային, բնապահպանական ամբողջ ոլորտը չբարեփոխվի: Հետո արդեն կամաց-կամաց կհասնենք այն կետին, որ Հայաստանում ստեղծվի իրապես կանաչ տնտեսություն:

- Հայաստանի բյուջեի կառուցվածքը ուսումնասիրե՞լ եք, պատկերացում կա՞, թե դրանով հավելյալ ինչ է հնարավոր անել, որն այս պահին չի արվում կամ սխալ է արվում:

- Այստեղ խնդիրը երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր ունենալն է: Հայաստանը ռազմավարական զարգացման ծրագիր չունի: 2002 թ. աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագիրն է եղել, որը 2008-ին, հետո՝ 2016-ին վերանայվեց: Բայց մեծ հաշվով այդ ծրագիրը չի գործել: Մեր երկիրը ռազմավարական զարգացման՝ 5, 10, 20 տարվա ծրագիր չունի, երբ դու այդ ծրագիրը չես ունենում, դու չես կարող քո ծախսերը ճիշտ ձեւակերպել:

- Սկսել են նախընտրական խոստումները՝ վարկերի ներում, աշխատավարձերի բարձրացում, միլիարդավոր դոլարների ներդրումներ... Դուք էլ խոստանում եք անվճար առողջապահություն, ասում եք յուրաքանչյուրը պետք է տանիք ունենա: Այստեղ պոպուլիզմ չկա՞, հստակ գիտեք, որ 5 տարվա մեջ հասնելո՞ւ եք դրան:

- Գոնե մեր խոսքերում պոպուլիզմ չկա: 25 տարի ՀՀ-ն եղել է սոցիալական պետություն, եկեք տեսնենք, թե ինչ են արել, որ ՀՀ-ն սոցիալական պետություն դառնա՝ բացի նպաստների քաղաքականությունից:

Պաշտոնապես  ՀՀ բնակչության 1/4-րդը աղքատ է, բայց ոչ մի Կառավարություն չգիտի, թե այդ աղքատ մարդիկ ովքեր են: Հարցնում ես՝ ովքե՞ր են այդ աղքատները, ի՞նչ խնդիր ունեն, ինչի՞ են աղքատացել՝ չեն կարողանում պատասխանել: Ինչպե՞ս կարող ես սոցիալական քաղաքականություն իրականացնել, երբ չգիտես, թե ովքեր են աղքատները: Դրա համար մեր քաղաքականությունը գուցե առաջին հայացքից պոպուլիզմ թվա, բայց ժամանակի ընթացքում այնպես է դառնալու, որ ամեն մարդու նկատմամբ՝ ով պետական հոգածության կարիք ունի, անհատական մոտեցում լինի: Այդ մարդը կարող է ուղղակի առողջապահական հարց ունի կամ կրթության: Հարցը վճռականության նպատակադրումի մեջ է: Կարող է տնտեսությունն աճել, բայց իրական մարդիկ, ովքեր պետք է դրանից օգտվեն՝ չեն օգտվում: Սա գիծ է եւ երբ ասում ենք՝ երկրում պետք է հաստատվի սոցիալական արդարություն եւ տեղի ունենա արդար վերաբաշխում, հենց դա նկատի ունենք:

  • Կիսվել: