Ռումինիայում նախագահական ընտրություններ են անցկացվում
Ռումինացիներն այսօր կրկին կփորձեն նոր նախագահ ընտրել՝ առաջին փորձից վեց ամիս հետո, տեղեկացնում է BBC News-ը՝ նշելով, որ նախորդ փորձն ավարտվել էր սկանդալով և խառնաշփոթով։
Ինչպես հաղորդվում է՝ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին առաջին տեղն էր զբաղեցրել արմատական աութսայդեր Քելին Ջորջեսկուն, սակայն այդ արդյունքը չեղարկվեց նախընտրական քարոզարշավի արդյունքների կեղծման և Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքների պատճառով։
Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ քննադատեց Ռումինիային այս որոշման համար՝ ցնցում առաջացնելով ռումինական քաղաքական վերնախավում, որը մեծապես ապավինում է ԱՄՆ-ի հետ իր հատուկ հարաբերություններին։ Այնուամենայնիվ, Ջորջեսկուին արգելվել է մասնակցել այսօրվա կրկնակի քվեարկությանը։
Հաղորդվում է նաև, որ այս ընտրություններում ազգայնական Ջորջ Սիմիոնը՝ «Ռումինների միավորման դաշինքի» (AUR) առաջնորդը, մրցում է երեք կենտրոնամետների՝ Բուխարեստի հանրաճանաչ քաղաքապետ Նիկուշոր Դանի, իշխող սոցիալ-դեմոկրատական և ազգային-լիբերալ կոալիցիան ներկայացնող լիբերալ Կրին Անտոնեսկուի և անկախ թեկնածու Ելենա Լասկոնիի դեմ։ Քվեաթերթիկում նշված է ևս յոթ թեկնածու։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների ավելի քան 50%-ը, մայիսի 18-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը՝ առաջին երկու տեղերը զբաղեցրած թեկնածուների միջև։