Կարևոր է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն փոխադարձ առևտրում անցել են ազգային արժույթների. Մատվիենկո
Շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ռուսաստանը փոխադարձ առևտրում անցել են ազգային արժույթների։ Այս մասին այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
Նա նշեց, որ այսօր՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, քննարկվել է նաև առևտրատնտեսական համագործակցությունը։
«Մեր փոխադարձ առևտուրը աճում է, բայց դրանից բացի, մենք կարողացել ենք գրեթե ամբողջությամբ անցնել ազգային արժույթներով հաշվարկների թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե՛ երկկողմանի հիմունքներով։ Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողներից մեկն է։ Հայաստանում կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 4 միլիարդ դոլար։ Ի դեպ, եկեք սկսենք այս թիվը հաշվարկել ազգային արժույթներով», - ասաց Մատվիենկոն։
Նա նաև նշեց զբոսաշրջության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Տարեկան ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի է այցելում Հայաստան, և աճում է նաև Ռուսաստանի տեսարժան վայրեր այցելող հայ բնակիչների թիվը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ զբոսաշրջությունն ունի ոչ միայն տնտեսական, այլև մարդասիրական բաղադրիչ. մարդկանց միջև շփումները ամրապնդում են երկու երկրների միջև բարեկամությունը։
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նիստը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։