չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Կալանավորման որոշումը միանշանակ բողոքարկվելու է․ Փաստաբան

Կալանավորման որոշումը միանշանակ բողոքարկվելու է․ Փաստաբան

Որոշումն ակնհայտորեն անօրինական էր և միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում։ Այս մասին այսօր Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպանական խմբի անդամ Սամվել Դիլբանդյանը։

«Որոշումն արդեն ստացել ենք, սակայն դեռ չենք ծանոթացել բովանդակությանը։ Բայց  միանշանակ բողոքարկվելու է Վերաքննիչ դատարանում: Որոշումն ակնհայտորեն անօրինական էր»,- ասաց Դիլբանդյանը և հավելեց, որ միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրանք առաջադրելը և կալանքը որպես խափանման միջոց ընտրելը հակասում է եվրոպական արժեքներին և համահունչ որոշում չէ: «Կալանքը որպես երևույթ պետք է կիրառվի բացառիկ դեպքերում»,- նշեց փաստաբանը։

 Ըստ նրա՝ դատարանի որոշումն իրենց համար կանխատեսելի էր։ Այդ է պատճառը, որԾառուկյանը նույնիսկ դատարան չներկայացավ: «Նա սպասում է ԱԱԾ-ում, միանգամից այնտեղ է գնացել»,- հայտնեց փաստաբանը։

Վերջինս նաև ընդգծեց,  որ դատարանի նման որոշումը պայմանավորված էր վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվությամբ. նա հանդիպումներ էր անցկացնում բնակչության հետ:

  • Կիսվել: