Ռուս զինվորականները ավիառումբով հարվածել են Խարկովի բնակելի բազմահարկ շենքին․ ավելի քան 20 մարդ է տուժել
Սեպտեմբերի 28-ի լույս գիշերը ռուս զինվորականները կառավարվող ավիառումբերով հարվածել են Խարկովին, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ Հարվածներից մեկը հասցվել է Սալտովի շրջանի 9-հարկանի բնակելի շենքին։ Արկը դիպել է երկրորդ հարկին և ավերել շենքի մի մասը։ Տուժել է 25 մարդ, այդ թվում՝ 3-ից 15 տարեկան ութ երեխա։ Երեխաներից երկուսը հոսպիտալացվել են,- հստակեցրել է Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Շենքից տարհանվել է ևս 32 մարդ, հավելել են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։ Բացի այդ, հարվածների են ենթարկվել քաղաքի Կիևյան և Շևչենկոյի շրջանները, սակայն այդ վայրերում արձանագրված հետևանքների և տուժածների մասին իշխանությունները չեն հայտնել։
Գիշերային հարձակման թիրախում է հայտնվել նաև Կիևը։ ԱԻՊԾ-ի տվյալներով՝ տուժել է չորս մարդ. երեքը՝ Պոդոլի շրջանում, որտեղ ոչ բնակելի շինություն է հրդեհվել և վնասվել է բնակելի շենք, իսկ մեկը՝ Գոլոսեևի շրջանում, որտեղ անօդաչու թռչող սարքը հարվածել է մասնավոր տանը։ Պեչյորսկի և Շևչենկոյի շրջաններում հրդեհվել են գրասենյակային շենքեր։ Գոլոսեևի շրջանում էլ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է բենզալցակայանի մոտակայքում գտնվող սրճարանին, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա չի հստակեցրել՝ արդյոք կան տուժածներ այդ հարվածի հետևանքով։
Նախօրեին՝ սեպտեմբերի 27-ին, ռուս զինվորականները կառավարվող ավիառումբերով հարվածել են Սումի քաղաքին։ Ռումբերից մեկն ընկել է ընտանիքների և երեխաների աջակցության կենտրոնի մոտ։ Զոհվել է երկու մարդ՝ տարեց մի կին և 16-ամյա մի աղջիկ։ Վերջինս գնացել էր խանութ, սակայն օդային տագնապ հայտարարելուց հետո որոշել էր տուն վերադառնալ։ Վերադարձի ճանապարհին նա մնացել է տապալված ծառի տակ։ Հրետակոծության հետևանքով ընդհանուր առմամբ վնասվել է հինգ բազմահարկ ու մասնավոր տուն, մեկ սոցիալական հաստատություն և մարդատար ավտոմեքենաներ։
Նախօրեին Կիևը ևս բազմիցս ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակումների։ Երեկոյան անօդաչուներից մեկը հարվածել է Դարնիցայի շրջանի 9-հարկանի բնակելի շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. վիրավորվել է մեկ կին։ Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձանում ռուսական հարձակման թիրախ է դարձել տեղի շուկան, որտեղ հարվածի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել ևս երեք մարդ։ Բացի այդ, Կիևի մարզի Բիլա Ցերկվայի (Բելայա Ցերկով) շրջանում վնասվել են հացահատիկի պահեստ և բազմահարկ շենք։


