ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Կա ինֆորմացիա՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով օգտագործելու համար. Փաշինյան

Կա ինֆորմացիա՝ ՀԱԵ ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով օգտագործելու համար. Փաշինյան

Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, տեսել ենք դրսևորումներ, որ եկեղեցին ոչ միայն փորձում է դիրքավորվել որպես պետություն պետության մեջ, այլ որպես օտարերկրյա պետություն պետության մեջ։ Մենք ասում ենք, որ սա չպետք է տեղի ունենա։
 
Բացի այդ, եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ։ Այսինքն՝ եկեղեցին ներքաղաքական կյանքի մասնակից պետք է չլինի։ Տեսեք, երբ որ Կտրիճ Ներսիսյանը ժամանակին խոսում էր կառավարության, իմ հրաժարականի մասին, այստեղ ես չեմ հարցը, հասկանո՞ւմ եք, այստեղ քաղաքական գործընթացներն են։
 
Լավ, մեկ, երկու, երեք ասեցինք՝ լավ, ոչինչ, պետք է լինել հանդուրժողական։ Արդեն սկսեցին այլ եպիսկոպոսներ քաղաքական հայտարարություններ անել, և ի՞նչ եղավ․ եղավ, որ Բագրատ Գալստանյանը սկսեց քաղաքական շարժում՝ Մայր Աթոռում ունեցած խորհրդակցություններից հետո և դրա արդյունքում։ Բայց շատ կարևոր է նաև՝ ի՞նչ եղավ. այդ քաղաքական գործընթացը ժողովրդավարական երկրում և միջավայրում տեղի ունեցավ և մարեց, այսինքն՝ մերժվեց հանրության կողմից։
 
Այս ամեն ինչը չի կարող մնալ առանց հետևանքի, որովհետև խոսքը մեր պետության ինքնիշխանության, անվտանգության մասին է։
 
Այս ամեն ինչը իրագործելու համար, այս խնդիրները լուծելու համար մեզ պետք է եկեղեցու բարենորոգման օրակարգ, որը ինչի՞ մասին է՝ եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, հաշվետվողականության մեխանիզմներ պետք է լինեն։ Որովհետև մենք այսօր ունենք ինֆորմացիա, որը ճշտման փուլում է, այն մասին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձևաչափերով Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ՝ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար և այլն»:

  • Կիսվել: