հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ջեյ Դի Վենսը բարով է եկել ՀՀ, բայց լավ կաներ՝ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին. Արտակ Բեգլարյան

Ջեյ Դի Վենսը բարով է եկել ՀՀ, բայց լավ կաներ՝ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին. Արտակ Բեգլարյան

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարով է եկել Հայաստան, բայց շատ ավելի լավ կաներ, որ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Սակայն հիմա էլ նա հնարավորություն ունի մեկ լավություն անել հայ ժողովրդին և կատարել իր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ոչ միայն վերադարձնելու հայ գերիներին, այլ նաև հետամուտ լինելու հայ ժողովրդի դեմ հալածանքների գոնե մի մասի վերացմանը, և բոլորս գիտենք, որ հայ գերիները այնտեղ պատանդներ են բռնապետ Ալիևի ձեռքին։

Պատանդ՝ նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ կօգտագործվեն քաղաքական առևտրի նպատակով, ուստի ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։

Իհարկե, դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի։ Դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետևանքները ամբողջապես չեն վերացվի։ Սակայն սա հստակ հումանիտար շատ մեծ դրական քայլ կլինի դեպի առաջ և նոր հնարավորության դռներ կբացի հետագա հիմնախնդիրների հասցեագրման և երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար։

Մենք բոլորս գիտենք, որ այնտեղ դատապարտվում և խոշտանգվում են բոլոր հայերը, որովհետև այնտեղ գտնվող բոլորը ներկայացնում են մեզ, և քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն և հաշտություն, ուստի մենք փոխնախագահ Վենսից խնդրում ենք, հորդորում ենք, նույնիսկ ինչ-որ տեղ պահանջում ենք, որ Բաքու իր առաջիկա այցի ժամանակ շատ հստակ կերպով բարձրացնի առաջին հերթին բոլոր 19 հայ պատանիների անհապաղ ազատ արձակման, մեր անհայտ ճակատագրերի պարզման ուղղությամբ գործնական քայլերի կատարման և Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանիզմների ներդրման հարցը»:

Նշենք, որ հենց այս պահին Բաղրամյան 26–ում ընթանում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9–ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել՝ Հայաստան ժամանելուն պես: «Հաջորդ կանգառը՝ Երևան, Հայաստան»,-գրել է նա:

ԱՄՆ փոխնախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:

  • Կիսվել: