Իսպանիայի 42-րդ քաղաքը` Ալկասերը, ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի «Արարատ» հայկական միության միջնորդագրի հիման վրա Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է «Օրեր» թերթը՝ տեղեկացնելով, որ քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները` իշխող Ժողովրդական կուսակցությունը (PP ), Սոցիալիստական կուսակցությունը (PSOE ), Կոմպրոմիսը (Compromís), ՎՈՔՍԸ (VOX) և Կոմու Պոդեմ-Ձախ միությունը (Comu Podem- Esquerra Unida) միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող ինստիտուցիոնալ հայտարարություն, որով դատապարտում են Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանությունը և ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։
Քաղաքային խորհուրդը կոչ է արել Իսպանիայի մյուս տեղական ինքնակառավարման մարմիններին, Վալենսիայի և Իսպանիայի խորհրդարաններին, ինչպես նաև Թուրքիայի կառավարությանը հետևել իր օրինակին և նույնպես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` այդպիսով պայքարելով հանուն արդարության և ընդդեմ մոռացության։ Հայտարարությունը ներկայացրեց քաղաքապետ Ալբերտո Պրիմոն (Alberto Primo), որին հետևեց բոլոր կուսակցությունների միասնական կողմ քվեարկությունը։
Նիստին ներկա էին Իսպանիայի «Արարատ» հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը և Ալկասերի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ղուկասյանը նշել է, որ սա պատմական իրադարձություն է ոչ միայն իսպանահայ համայնքի, այլև քաղաքի համար, քանի որ Ալկասերը ցույց տվեց, որ ցեղասպանությունները վաղեմության ժամկետ չունեն և արժանի են ճանաչման, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից, որոնց, դժբախտաբար, ականատես ենք լինում մեր օրերին։
Բացի 42 քաղաքից Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Իսպանիայի 6 մարզ։ Ի հեճուկս բազմաթիվ առկա խոչընդոտների, իսպանահայությունը պայքարում է կենտրոնական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերջնական ճանաչման համար։