երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կեղտոտ հարձակումները վկայում են նրա մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առջև չի ուզում կանգնել․ Լևոն Քոչարյան

Կեղտոտ հարձակումները վկայում են նրա մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առջև չի ուզում կանգնել․ Լևոն Քոչարյան

Այս հսկայական կեղտոտ հարձակումները վկայում են նրա մասին, որ գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչնչի առջև չի ուզում կանգնել: Այս մասին այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքի ժամանակ ասել է նրա որդին՝ Լևոն Քոչարյանը:

«Այսօր իշխանության կողմից ուղղորդված արշավներ են իրականացվում մեր իրական աջակիցների դեմ, մեզ սատարող մարդկանց կամ ընդհանրապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր կողմ են արտահայտվում իրավական պետություն ունենալուն, արդար դատավարությանը: Միևնույն է, չնայած իրենց այդ գործելաոճին, այսքան մարդու մեզ միանալը, աջակցելը, իհարկե, վստահություն է տալիս: Հետևողակորեն շարունակելու ենք նույն գիծը և միանշանակ հաջողություն ենք ունենալու: Նաև վստահությունը նրանից է, որ դու գիտես՝ ոչ մի սխալ բան չի արվել, այսինքն, մենք գիտենք մեղադրանքների փուչ էությունը: Ի վերջո, այս կեղծիքն ինչ-որ տեղ ավարտվելու է»,- ասել է Լևոն Քոչարյանը:

Ավելի վաղ նա նշել է, որ երբեք թիկնապահներով չի շրջել, չի ունեցել թիկնապահ։

«Մենակով քայլել եմ Երեւանի փողոցներում՝ իմ բալիկների, կնոջս հետ։ Հուսադրում է նաեւ այն, որ ինձ մոտենում են մարդիկ, նույնիսկ ներողություն խնդրում կամ վատ զգում, ասելով, որ ինչ-որ ժամանակ եղել է հավատացել ենք ինչ-որ հիմարությունների, կեղծիքների»,- ասել է Քոչարյանը

  • Կիսվել: