երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Իշխանական պատգամավորները փորձում են կառավարել ատելության խոսքը

Իշխանական պատգամավորները փորձում են կառավարել ատելության խոսքը

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգային միակ հարցը ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իր համար անհասկանալի է, թե ինչպես է խնդիրը կարգավորվելու, այն դեպքում, երբ Եվրոպայի խորհուրդը արդեն երկու տարի է՝ փորձում է սոցիալական մեդիայում ու լրատվամիջոցներում ատելության խոսքի կարգավորման օրենսդրական ուղիներ փնտրել:

«Եվրոպայում դա ևս լրջագույն խնդիր է, և այնտեղ էլ չենք կարողանում գտնել ճիշտ բանաձևը, որը ոչ մի կերպ չի վնասի խոսքի ազատությանը», -ասաց Զոհրաբյանը՝ հույս հայտնլով, որ նախաձեռնությունը ներկայացրած իշխանական խմբակցության պատգամավորը լուծումներ կառաջարկի: Նախաձեռնության հեղինակը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը արձագանքելով Զոհրաբյանին, ասաց, որ այս պահին որևէ լուծում չկա, բայց այդ լուծումը կարող է առաջարկվել նոր ստեղծվելիք աշխատանքային խմբի շրջանակներում:

«Խորհրդարանը այն հարթակն է, որտեղ պետք է քննարկվեն այդ հարցերը», -ասաց Խանդանյանը՝ ընգծելով, որ քննարկումներին մասնակցելու համար կհրավիրվեն նաև քաղհասարակության ներկայացուցիչներ: Խանդանյանն առաջարկեց «Իմ քայլ»-ից 7 պատգամավոր ընդգրկել աշխատանքային խմբում, երկուական պատգամավորներ էլ «Լուսավոր Հայաստանից» և «Բարգավաճ Հայաստանից»: Աշխատանքային խումբը կգործի վեց ամիս: Զոհրաբյանը նկատեց՝ իր մտավախությունն այն է, որ կարևոր խնդիր լուծելու համար Հայաստանում չվտանգվի խոսքի ազատությունը: «Ես ևս կիսում եմ ձեր մտավախությունը, տիկին Զոհրաբյան: Իսկապես խոսքի ազատությունը չվնասելը պետք է լինի այս խմբի գլխավոր սկզբունքներից մեկը», -արձագանքեց Սարգսիս Խանդանյանը:

  • Կիսվել: