Իշխանական ֆրակցիան բոյկոտել է Հայկ Սարգսյանին` հանդիպման չի գնացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում ոչ մի կերպ չեն կարողանում ներել իրենց կուսակից Հայկ Սարգսյանին՝ բանակից ազատվելու աղմկահարույց նախագիծն ամեն գնով անցկացնելու, ՔՊ-ին «փուռը տալու» դավադիր ծրագրի համար։ Արդեն մի քանի շաբաթ է՝ նախագիծն օրակարգ է մտել: Երեկ մենք բացահայտել էինք, որ չնայած ի սկզբանե ԶՈՒ Գլխավոր շտաբը բացասական եզրակացություն էր տվել նախագծին, սակայն Հայկ Սարգսյանը Պապիկյանի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում հաջողացրել էր, որ կառավարությունը դրական եզրակացություն տա, ավելին՝ անգամ գումարի չափն ավելացնի՝ ազատվելու դիմաց։ Սակայն խորհրդարան հասնելուն պես ՔՊ խմբակցությունը կանխել էր այս զույգի` Փաշինյանի կողմից հավանություն ստացած ծրագիրը, եւ հրավիրված արտահերթ նիստն ու քննարկումը հետաձգվեցին, չնայած այն բանին, որ Պապիկյանը խորհրդարան էր եկել։
Դրանից հետո նախագծի վերաբերյալ իշխող ֆրակցիան փակ քննարկում կազմակերպեց՝ ԳՇ պետի ու նախարարի մասնակցությամբ, ավելի քան երեք ժամ տեւած թեժ քննարկման ընթացքում ՔՊ-ականները գրեթե միաձայն դեմ էին արտահայտվել, հենց տեղում էլ պարզել էին, որ ԳՇ-ն դեմ է եղել նախագծին։ Այս բացահայտումը շոկ էր առաջացրել թիմում, եւ նրանք պատին էին դեմ տվել թե՛ նախարարին, թե՛ նախագծի հեղինակ պատգամավորին, փորձելով խոստովանություն կորզել՝ եթե մասնագիտական կառույցը դեմ է, ինչո՞ւ են ամեն գնով ուզում անցկացնել նախագիծը։ Անգամ մեղադրանքներ էին հնչել, որ գուցե ինչ-ինչ մեծահարուստների հետ պայմանավորվածությո՞ւն ունեն, որ մինչեւ ամառային զորակոչը՝ հուլիսի 1-ը, օրենքն ափալ-թափալ ընդունեն, որ գումարներն «օրինական» ճանապարհով անցնեն բյուջե, իրենց էլ ինչ կտան` կտան: Ոչինչ, որ եթե այս նախագիծն օրենք դառնա, ապա էլ ավելի կխորացնի սոցիալական անարդարությունը եւ հասարակության բեւեռացումը, ընդունողներն էլ, այսինքն՝ պատգամավորները, էլ ավելի ատելի կդառնան հանրության համար, դրանից բացի՝ նախագիծը սահմանադրական լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ մայր օրենքը զինվորական ծառայությունը բոլոր քաղաքացիների համար պարտադիր է համարում։
Ի դեպ, իշխանական թիմում խոսում են, որ Սարգսյանը որոշ շրջանակներում այս օրենքի անհրաժեշտության համատեքստում պարբերաբար հիշատակել է իր քրոջ որդու մասին, որ եթե ընդունվի, նա էլ կազատվի: ՔՊ-ականները պատմում են, որ պատգամավոր-նախարար զույգի «դավադիր ծրագրի» բացահայտումից հետո նրանցից ոչ մեկի փաստարկը փակ նիստում այնքան համոզիչ չի եղել, որը հանդարտեցներ շիկացած կրքերը, ուստի ՔՊ-ականներից շատերը մտադիր են Հայկ Սարգսյանին «պատասխանատվության» ենթարկել, որ փորձել է մի ամբողջ ֆրակցիայի իր կամակատարը դարձնել, թե ինչպես՝ դեռեւս հայտնի չէ։ Սակայն առաջին քայլն արդեն արվել է․ Հայկ Սարգսյանը գործընկերներին հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ եւս մեկ քննարկման անհրաժեշտություն է տեսնում ու երկուշաբթի հրավիրում է ԱԺ 334 սենյակ՝ քննարկման: Ավելին, պատգամավորը գործընկերներին առաջարկել է՝ շրջայցի տանել դիրքեր, ծանոթացնել զինծառայության պայմաններին, սակայն հանդիպման օրը եւ նշված ժամին պատգամավորը 334 սենյակում միայնակ է մնացել: Մեզ ասացին, որ միայն Մարիա Կարապետյանն է ներկայացել հանդիպմանը, մյուսները միասնական բոյկոտ են իրականացրել՝ չներելով պատգամավորին։
Նախագիծն ընդգրկված է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի հունիսի 13-ի օրակարգում, ենթադրվում է, որ թեժ քննարկում է լինելու, սակայն իշխանականները վստահորեն պնդում են, որ այն մերժվելու է՝ հայտարարելով, որ նախագիծը պետք է հանրային քննարկման դրվի եւ հնարավորինս լայն շրջանակների համաձայնություն ստանա»։